Ալիևի թեհրանյան այցից օրեր անց Բաքուն վերսկսել է հակաիրանական քարոզչությունը. իրանագետ
Ալիևի՝ Թեհրան կատարած այցից օրեր անց Բաքուն վերսկսել է հակաիրանական քարոզչությունը: Այս մասին facebook-յան իր էջում գրառել է իրանագետ Արմեն Իսրայելյանը:
«Ընդամենը մի քանի օր է անցել, ինչ Ադրբեջանի նախագահն Իրանի իր գործընկերոջ և ԻԻՀ հոգևոր առաջնորդի հետ հանդիպմանը հավաստիացնում էր, որ Բաքուն պատրաստակամ է Թեհրանի հետ խորացնել իր հարաբերությունները, սակայն բավական էր, որ Իրանի և Սաուդյան Արաբիայի հարաբերություններում փոքր-ինչ լարվածություն առաջանար, Բաքուն անմիջապես վերադարձավ իր հիմնական առաքելությանը: Այն է՝ այս դեպքում»,- նշել է իրանագետը:
Ըստ Իսրայելյանի, և սա այն դեպքում, երբ ադրբեջանական «APA» լրատվական գործակալության ղեկավարն օրերս իրանական «ISNA» լրատվական գործակալության հետ համագործակցության մասին հուշագրի ստորագրման ժամանակ իրանական ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հորդորել էր ադրբեջանամետ տեսակետների ներկայացմամբ հաճախակի անդրադառնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:
Մինչդեռ մի քանի օր առաջ Իսրայելյանը գրել էր այն մասին, որ Իրանի մտավորականության մի հատվածը դեռ շարունակում է զգուշավորությամբ մոտենալ Բաքվի՝ Թեհրանի հետ իր հարաբերությունները խորացնելու մասին հայտարարություններին: Նրանք իրենք վերաբերմունքը Ադրբեջանի նկատմամբ արտահայտում են «Ադրբեջանը՝ փոքր Իսրայել է Իրանի հյուսիսում» այս ձևակերպմամբ:
«Օրերս Ադրբեջանի վերաբերյալ քննարկում է տեղի ունեցել, որի ընթացքում Իրանի «Ազադ» համալսարանի քաղաքական-իսլամական կառույցները համակարգող խորհրդի նախագահն իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի երկակի քաղաքականության վերաբերյալ և Ադրբեջանին փոքր Իսրայել անվանել, իսկ նրա ղեկավար Իլհամ Ալիևին՝ «Բրիթիշ Փեթրոլիումի» աշխատակից, որն ամեն ամիս աշխատավարձ է ստանում այդ կազմակերպությունից»,- հավելել էր նա: