Վրաստանի խորհրդարանը վավերացրել է Չինաստանի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիրը
Վրաստանի խորհրդարանը վավերացրել է Չինաստանի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիրը, որի շնորհիվ վրաց արտադրողները կկարողանան իրենց արտադրանքը և ծառայությունները մատակարարել աշխարհի ամենամեծ շուկա՝ առանց լրացուցիչ բյուրոկրատական խոչընդոտների:
Փաստաթղթի համաձայն՝ վրացական արտադրանքի մոտ 94 տոկոսը Չինաստանում կազատվի մաքսատուրքերից: Որպեսզի համաձայնագիրն ուժի մեջ մտնի, հարկավոր է, որ Վրաստանի խորհրդարանից հետո այն վավերացնի նաև Չինաստանը:
Վրաստանի և Չինաստանի տնտեսական գերատեսչությունների ղեկավարները ստորագրել էին ազատ առևտրի մասին համաձայնագիրը 2017 թվականի մայիսին, Պեկինում:
Նշվում է, որ Չինաստանը մտնում է Վրաստանի հիմնական առևտրային գործընկերների եռյակի մեջ: Վրաստանից Չինաստան է արտահանվում պղնձի հանքաքար և խտահանք, ալկոհոլային խմիչք և վրացական գինի: