25.11.2024
Էրդողանը շտապում է Բաքու. քննարկումների օրակարգում է նաև ղարաբաղյան հակամարտությունը
prev Նախորդ նորություն

Ինչո՞ւ դուք մինչև հիմա չեք ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Ազնավուրն՝ Իսրայելի նախագահին

Հոկտեմբերի 26-ին Երուսաղեմում՝ Իսրայելի նախագահի նստավայրում, կայացել է շանսոնյե Շառլ Ազնավուրի և նրան ուղեկցող ընտանիքի անդամների հանդիպումը Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինի ու Ռաուլ Վալենբերգի անվան միջազգային հիմնադրամի ղեկավարության հետ: Ռիվլինը Ազնավուրին պարգևատրել է Ռաուլ Վալենբերգի մեդալով՝ Հոլոքոստի ժամանակ հերոսական գործողությունների համար։


«Ուզում եմ մի անհարմար հարց ուղղել, որի պատասխանը չեմ ակնկալում, սակայն դա կարևոր հարց է մեզ համար։ Ինչո՞ւ դուք մինչև հիմա չեք ճանաչել Հայոց ցեղասպանությունը այն դեպքում, երբ տառապել եք նացիստական ռեժիմից»,- հարց է ուղղել Ազնավուրը, գրում է Սվիլիլնեթը.


Ի պատասխան Ռիվլինն ասել է, որ դա քաղաքական հարց է, և ամեն տարի այն բարձրացվում է Կնեսետում, և ինքն անձամբ 2015թ․ ՄԱԿ-ի ամբիոնից հստակ բարձրաձայնել է 1915-ի Հայոց ցեղասպանության մասին։ «Մենք ներկա ենք եղել Կնեսետում այդ սարսափելի իրադարձությունների թեմայի քննարկմանը։ Դժբախտաբար Իսրայելի կառավարությանը չի հաջողվել ճանաչել տեղի ունեցածը որպես ցեղասպանություն, և ես որպես Իսրայելի նախագահ պետք է հարգեմ իսրայելական կառավարության որոշումները։ Կոտորածներն ու ցեղասպանությունը սարսափելի են, 1915թ․ հայ ժողովուրդը դարձավ սարսափելի դեպքերի զոհ»,- ասել է Իսրայելի նախագահ։


Հոկտեմբերի 28-ին Թել Ավիվում կկայանա 93-ամյա շանսոնյեի միակ համերգը։ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Ազնավուրների ընտանիքը սերտ կապված է եղել Միսաք Մանուշյանի դիմակայության խմբի հետ, վտանգելով սեփական կյանքը՝ փարիզյան բնակարանում ապաստան տվել հայերին, հրեաներին և բոլոր նրանց, ում հետապնդում էին նացիստները։


Շառլ Ազնավուրի պարգևատրման նախաձեռնողը իսրայելցի ցեղասպանագետ, պրոֆեսոր Յաիր Աուրոնն է։ Հրեաների փրկության համար մեդալը կրում է շվեդ դիվանագետի անունը, որը օկուպացված Հունգարիայում փրկել է հազարավոր հրեաների կյանքեր։


2015թ. մարտի 5-ին պրոֆեսոր Յաիր Աուրոնը «Հայոց ցեղասպանության ճանաչումը. Իսրայելը և աշխարհը» թեմայով իր դասախոսության ընթացքում, հայտարարեց, որ Իսրայելը պետք է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու քաջություն ունենա: Աուրոնը պատմեց, թե ինչպես է ինքը Իսրայելի նախագահին խորհուրդ տվել ՄԱԿ-ի ելույթում օգտագործել «ցեղասպանություն» եզրը, ինչին ի պատասխան Ռիվլինն ասել է, որ «չի կարող արտահայտել իր մասնավոր կարծիքը»:


2015թ. հունվարի 28-ին Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը ելույթ էր ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում՝ Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվա կապակցությամբ: Իր խոսքում նա անդրադարձել էր նաև Հայոց ցեղասպանությանը՝ ասելով, որ ողբերգություն վերապրած ազգերը պետք է կարողանան կիսել նաև մյուսների ցավն ու տառապանքը: Իսրայելի նախագահի կարծիքով՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի պայքարը ցեղասպանությունների դեմ «արդյունավետ չէ, բայց չէ՞ որ այն ստեղծվել էր հենց այդ նպատակով»: