Բաքվում ջղաձգվել են մեքսիկացի պատգամավորների Արցախ կատարած այցից
Մեքսիկացի պատգամավորների այցը հակամարտության գոտի չի արտացոլում Մեքսիկայի կառավարության դիրքորոշում ղարաբաղյան հակամարտության մասով: Այս մասին ԱՊԱ-ի հետ զրույցում ասել է Ադրբեջանում Մեքսիկայի դեսպան Խուան Ռոդրիգո Լաբարդինի Ֆլորեսը:
Նրա խոսքով, մեքսիկական կառավարությունը այցի մասին տեղեկացել է արդեն այն բանից հետո, ինչ այն կայացել է:
«Մեքսիկան հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին: Մեր դիրքորոշումը հստակ է ու պարզ: Մենք կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին կարգավորել հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի աջակցությամբ: Մեքսիկայի կառավարությունը հանդիսանում է միջազգային իրավունքի նորմերին, ինչպես նաև ՄԱԿ-ի բանաձևերի վրա հիմնված հակամարտության կարգավորման կողմնակից: Այդ բանաձևերը ենթադրում են հակամարտության գոտում հրադադարի պահպանում, Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարգում, և մենք դրա կողմնակիցն ենք», - ասել է դիվանագետը:
Դեսպանը նաև նշել է, որ իր երկրի պատգամավորների այցի հետ կապված իրավիճակը կուսումնասիրվի:
Հիշեցնենք, Մեքսիկայից ժամանած պատգամավորներ Բլանկա Մարգարիտա Կուատա Դոմինգեսը, Մարիա Կրիստինա Տերեսա Գարսիա Բռավոն ու Կառլոս Էռնանդես Միրոնն այցելել են Արցախի Հանրապետություն: Հոկտեմբերի 24-ին մեքսիկացի պատգամավորները ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի եւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանի ուղեկցությամբ այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղիկներ խոնարհել ի հիշատակ Արցախյան ազատագրական պայքարում նահատակված հայորդիների:
Նույն օրը Արցախի նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Մեքսիկայի Միացյալ Նահանգների Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի պատվիրակության անդամներին: Հանդիպմանը քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Առանձնակի ուշադրություն է դարձվել խորհրդարանական կապերի հաստատմանը, հասարակական եւ մարդասիրական հարթություններում փոխգործակցության զարգացմանը: