Հայաստան-Եվրամիություն նոր համաձայնագիրը կստորագրվի նոյեմբերին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում: Այդ մասին հայտարարել է Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով Եվրամիության հանձնակատար Յոհաննես Հանը հինգշաբթի օրը Տալլինում:
Պատասխանելով Էստոնիայի մայրաքաղաքում անցկացվող Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումին մասնակցող քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հարցին, որն առնչվում էր փաստաթղթի ստորագրման հարցով Հայաստանում առկա որոշակի մտավախություններին, Հանը հայտարարել է․ - «Ուզում եմ սկզբից ևեթ հստակ ասել, որ Հայաստանի հետ պայմանագիրը ստորագրվելու է, դրանում կասկած չկա, և գրեթե հաստատ է, որ դա տեղի է ունենալու գագաթնաժողովի շրջանակներում կամ հենց գագաթնաժողովի ժամանակ: Սա հստակ է: Դրա շուրջ որևէ քննարկում չկա»:
Նշենք, որ ավելի վաղ արեւմտյան հիմնադրամներից ֆինանսավորվող «Իրազեկ քաղաքացիների միավորումը», հղում կատարելով Հանի խոսքերին, հանդես էր եկել հայտարարությամբ, համաձայն որի ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը կարող է հետաձգվել: Սա շփոթ առաջացրեց հայկական մամուլում, սակայն այնուհետեւ պարզվեց, որ Հանը ճիշտ հակառակ պնդումն է արել:
Ուստի «Իրազեկ քաղաքացիների միավորումը» ստիպված եղավ տարածել նոր հաղորդագրություն եւ հայտարարել, որ նախորդ տեքստում եղել է անճշտություն՝ պայմանավորված սխալ թարգմանությամբ։ Հաղորդագրության մեջ նշվում էր, որ Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցով հանձնակատար Յոհաննես Հանը Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում ընթացող Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի շրջանակներում նշել էր, որ Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումը կարող է հետաձգվել։
"Ստորև բերում ենք Յոհաննես Հանի հայտարարության սղագրությունը․ «Ի սկզբանե կուզեի հստակեցնել, որ Հայաստանի հետ համաձայնագիրը կստորագրվի։ Սրա վերաբերյալ կասկած չկա և ես կարծում եմ, որ վստահաբար դա տեղի կունենա գագաթնաժողովի ընթացքում կամ դրա շրջակայքում։ Սա պարզ է և դրա վերաբերյալ որևէ կասկած չկա»։
Անգլերենով տեքստը հետևյալն է․ “First in order to clarify from the very beginning, this agreement with Armenia will be signed. No doubt about it and I think it is pretty sure that this will be done around the summit or at the summit, so this is clear and no discussion about it”, - ասված է հայտարարության մեջ:
Իրականաում սակայն հանձնակատարն ընդգծել է, որ առաջին անգամ Եվրասիական տնտեսական միության անդամ երկիրը նման համաձայնագիր կստորագրի Եվրամիության հետ, ինչը ցույց է տալիս, որ «համակեցությունը հնարավոր է»: «Սա կարող է օրինակ ծառայել մյուսների համար», - հավելել է Հանը:
Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը, իր հերթին, իր ֆեյսբուքյան էջում այսօր հաստատել է, որ Եվրոպական միությունը պատրաստ է Հայաստանի հետ նոր համաձայնագրի ստորագրմանը Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում, և այդ ուղղությամբ իրականացվում են բոլոր անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները: