Կրոնական հուշարձանների պղծումը վտանգավոր է ԼՂ հակամարտության համար. Ռուսո պատրիարք
Կրոնական հուշարձանների պղծումը վտանգավոր է ցանկացած հակամարտության համար։ Այս մասին Ռուսաստանի միջկրոնական խորհրդի նախագահության ժամանակ ասել է Համայն Ռուսո պատրիարք Կիրիլը։
«Վերջերս իմ հրավերով Մոսկվա էին եկել Հայաստանի եւ Ադրբեջանի կրոնական առաջնորդները Լեռնային Ղարաբաղում բազմամյա հակամարտության կարգավորման հնարավորությունները քննարկելու համար։ Մենք հայտարարություն ընդունեցինք, որում ընդգծվում էր կրոնական հուշարձանների պաշտպանության եւ դրանց նկատմամբ հարգանքի անհրաժեշտությունը։ Մենք սկզբունքային դիրքորոշում հայտնեցինք, քանի որ գիտակցում ենք, որ երբ ինչ–որ մեկը ոտնձգություն է թույլ տալիս սրբության նկատմամբ, հակամարտությունը նոր ուժով է բորբոքվում։ Մենք տարածեցինք այդ հայտարարությունը, քանի որ տեղեկություն էր ստացվում, որ կողմերը կրոնական հուշարձաններ են պղծում։
Եվ այդ ժամանակ Հայաստանի ու Ադրբեջանի կրոնական առաջնորդներն իրենց մեջ համարձակություն գտան հայտարարելու, որ կրոնական հուշարձանների, կրոնական շենքերի, ավանդույթների նկատմամբ ոչ մի ծանակում թույլատրելի չէ, քանի որ այդ դեպքում քաղաքական հակամարտությանը խառնվում են կրոնական զգացմունքները, իսկ դա շատ վտանգավոր է ցանկացած հակամարտության համար»,– ասել է նա։