Կարո Փայլանը կոչ է արել իշխանություններին ազատ արձակել Օսման Քավալային
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը կոչ է արել իշխանություններին ազատ արձակել օրեր առաջ Ստամբուլում ձերբակալված թուրք գործարար, վերլուծաբան և հասարակական գործիչ Օսման Քավալային, այս մասին տեղեկանում ենք Փայլանի Twitter-յան էջից:
«Օսման Քավալան իր ամբողջ կյանքում ջանք թափեց, որպեսզի այս երկիրն ապրելու երկիր դառնա: Ազա՛տ արձակեք նրան», - tert.am-ի փոխանցմամբ գրել է հայազգի պատգամավորը:
Նշենք, որ Քավալայի հիմնած թուրքական ամենահայտնի հրատարակչություններից «Իլեթիշիմ»-ը բազմիցս անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանությանը:
Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է Քավալայի ձերբակալոթյունը և մեղադրել հայտնի բարերարին դավաճանության համար: Ինչպես գրում է թուրքական t24.com.tr կայքը, Էրդողանը պնդել է, որ Թաքսիմի ցույցերի կազմակերպման հետևում Քավալան է կանգնած:
«Այս ժողովրդին ներսից հարվածողների դեմ մենք գլուխներս բարձր ենք կանգնելու, պատասխան ենք պահանջելու», - հայտարարել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ Քավալան նաև հիմնադրել ու ղեկավարում է թուրքական հայտնի «Անադոլու քյուլթուր» հիմնադրամը, որը զբաղվում է մշակութային փոխանակության ու մշակութային ժառանգության ուսումնասիրության լայնածավալ ծրագրերով Թուրքիայում, տարածաշրջանում և Եվրոպայում:
Ծնունդով Փարիզից թուրք գործիչը հովանավորել է նաև Դիարբեքիրի մշակութային տան, Պատմության հիմնադրամի ծրագրերն ու Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի անդամ է: