24.11.2024
ՌԴ ՆԳՆ-ն կավելացնի ապօրինի ներգաղթյալներին ծառայություններ մատուցելու համար տուգանքը
prev Նախորդ նորություն

Դիպուկահարների պատերազմ. շփման գծում իրավիճակը կարող է սրվել. Լեւոն Մնացականյան

Մեկ շաբաթ առաջվա իրավիճակի հետ համեմատ՝ հիմա որոշակի լարվածություն կա: Արցախում այսօր՝ հոկտեմբերի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց Պաշտպանության բանակի հրամանատար Լեւոն Մնացականյանը՝ անդրադառնալով ադրբեջանական զինված ուժերի կողմից հոկտեմբերի 22-ին եւ 23-ին «ՍՊԱՅԿ» տիպի հեռակառավարվող հակատանկային հրթիռի կիրառմանը:


Նա նշեց, որ լարվածությունը պայմանավորված է Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտմամբ, եւ հիշեցրեց, որ հոկտեմբերի 19-ին էլ ադրբեջանական դիպուկահարի կողմից հայ զինծառայող է խոցվել:


«Մենք միշտ հայտարարել ենք, որ իրենց ամեն մի դիպուկահարի մենք պատասխանելու ենք, եւ պատասխան եղել է: Կարծում եմ՝ դա հենց կապված է դիպուկահարների պատերազմի արդյունքում առաջացած լարվածության հետ: Ադրբեջանը նաեւ երկու անգամ «ՍՊԱՅԿ» տիպի հեռակառավարվող հրթիռներ է կիրառել, երկու անգամ էլ հարվածներն անարդյունք են եղել»,- ասաց Լեւոն Մնացականյանը:


ՊԲ հրամանատարը հնարավոր է համարում, որ աստիճանաբար լարվածության աճ լինի: «Մենք արդեն տեղեկացրել ենք, որ եթե հետագայում նման հարվածներ լինեն, պատասխան լինելու է: Դեռեւս կարծում ենք, որ «ՍՊԱՅԿ»-ին պատասխանելու անհրաժեշտություն չկա: Առաջիկա օրերին մենք հանդիպելու ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչների հետ եւ քննարկելու ենք ստեղծված իրավիճակը»,- հավելեց Մնացականյանը:


Նշենք, որ նախօրեին՝ հոկտեմբերի 23-ին, մեկ օրվա ընթացքում Ադրբեջանի զինուժը երկու անգամ «ՍՊԱՅԿ» տիպի հեռակառավարվող հակատանկային հրթիռ է կիրառել:


Ինչ վերաբերում է նրան, թե վերջին շրջանում մեկ օրում երկու զինծառայող է զոհվել` ոչ հակառակորդի գործողությունների հետևանքով, Լևոն Մնացականյանը նշեց, որ նշանակվել է ծառայողական քննություն, հարուցվել է քրեական գործ, երկու գործով էլ կան ձերբակալվածներ: «Ըստ նախնական տեղեկությունների` պատճառը միջանձնային հարաբերություններն են, և հստակ պատասխան կտա դատաքննությունը»,-ասաց նա: