VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ». «Երեկ ողջ օրը Հովիկ Աբրահամյանի դինաստիան չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին։ Տեղեկություն կար, որ օրվա երկրորդ կեսին միմյանց են հանդիպել ԵԱՏՄ «վարչապետ» Տիգրան Սարգսյանը և նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, միասին ճաշել են, ջան ասել՝ ջան լսել։ Տիգրան Սարգսյանը մեկ օր առաջ է եկել Երևան՝ ոչ միայն «նման» հանդիպումներ ունենալու, այլև նախապատրաստելու այսօր Հայաստան ժամանող Դմիտրի Անատոլևիչի այցը։ Ի դեպ, ԵԱՏՄ նիստը կվարի հենց Տիգրան Սարգսյանը»:
«168 ժամ». «ԵՄ-ն թեժ և երկար քննարկումների արդյունքում Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման համար վերջին որոշումներն է կայացրել: Օրեր առաջ Եվրոպական խորհուրդը քաղաքական երեք կարևոր որոշում է կայացրել, որոնք նշանակում են, որ ԵՄ-ն քաղաքականապես պատրաստ է համաձայնագրի ստորագրմանը: «168 Ժամի» տեղեկություններով՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման ճանապարհին Եվրամիության կողմից քաղաքական խոչընդոտներ չկան:
Մեր վստահելի աղբյուրների փոխանցմամբ, սակայն, չի բացառվում, որ առաջանան որոշ տեխնիկական և ընթացակարգային բնույթի խնդիրներ, որոնք գուցե լուծվեն առաջիկա օրերին կամ մինչ Բրյուսելում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովը, մինչ տարեվերջ կամ մինչև հունվար ամիսը: Հստակ ժամկետներ նույնիսկ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչները չեն կարողանում նշել, որովհետև ընթացակարգերի պատասխանատուները ԵՄ անդամ երկրներն են: Եվրամիությունում նաև չեն կարծում, որ այս ձգձգման արդյունքում կամ ինչ-ինչ այլ պատճառներով ՀՀ-ԵՄ համաձայնագիրը չի ստորագրվի, քանի որ կազմված համաձայնագիրը Հայաստանի համար «մեծահոգի» են որակում, ավելի, քան ՀՀ իշխանություններն էին ակնկալում, և կարծում են, որ այս անգամ ևս Հայաստանի հրաժարումը քաղաքական ինքնասպանություն կլինի»:
«Հայկական ժամանակ». ««Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն անդրադառնալով հարցին, թե առաջիկայում լարվածությունը կմեծանա՞ հաշվի առնելով հակառակորդի վերջին գործողությունները, նշել է. «Սա կախված է բազմաթիվ խնդիրներից: Չեմ կարծում, որ կբերի լայնածավալ պատերազմի, պարզապես մենք պետք է հաշվի առնենք, որ Ադրբեջանը ռազմական գործողությունները շարունակելու է, դիմելու է կեղտոտ քայլերի, դիվերսիաների, որոնք 99 տոկոսով կասեցվում են: Շարունակելու է նման ահաբեկչական գործողություններ իրականացնել, մենք կասեցնելու ենք: Չնայած դրան՝ չպետք է մոռանանք՝ ում հետ գործ ունենք և չկորցնենք իրականության զգացումը: Սա այնպիսի երևույթ է, որը միշտ էլ կա, էստեղ նոր բան չկա, որ մենք սկսենք մտածել և ասել էս ինչ նոր երևույթ է»:
«Հրապարակ». «Թերթի տեղեկություններով` առաջիկա օրերին առանց բարդությունների կհաստատվի Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի ագրեմանը: Գործի «սահունությունն» ապահովել է նրա քավոր ու վաղեմի ընկեր Գագիկ Բեգլարյանը` Չոռնին: Բանն այն է, որ վերջինս ջերմ հարաբերություններ ունի վրացական էլիտայի, հատկապես նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու հետ, որն Իվանիշվիլու շրջապատից է: Բեգլարյանը Ղարիբաշվիլու հետ մտերմացել է իր քավորի՝ Սամվել Կարապետյանի միջոցով։
Հիշեցնենք, որ Ղարիբաշվիլին տրանսպորտի եւ կապի երբեմնի նախարար Բեգլարյանի որդու հարսանիքի պատվավոր հյուրերի թվում էր: Ինչ վերաբերում է Սերգեյ Մինասյանին, ապա մեր աղբյուրն ասաց. «Անգործ չի մնա, Սերգեյը լուրջ դիվանագետ է»: Ի՞նչ պաշտոն կստանա եւ ո՞ր երկրում։ «Ասենք` էլի գրեք, մարդն էլի՞ տուժի»:
«Ժողովուրդ». «Տավուշի մարզի «Արծվաբերդի առողջության կենտրոն» պետական ձեռնարկության տնօրեն Գագիկ Դալլաքյանից «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց տուլարեմիա հիվանդության մասին: Նա հայտնեց, որ տուլարեմիայով հիվանդացության վերջին դեպքը եղել է այս տարվա օգոստոսին, ընդհանուր 22 հիվանդ, որից 2-ը` երեխա: Տեղեկացանք, որ 22 հիվանդից 4-ը Երեւանի «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում հետազոտության է ենթարկվել, եւ նրանց մոտ տուլարեմիա հիվանդության առկայությունը ժխտվել է: Այդ հիվանդները Բերդի բժշկական կենտրոնում վիրահատական միջամտության են ենթարկվել, նրանց մարմինների ուռած տեղերում կտրվածքներ են արվել: Գ.Դալլաքյանից հետաքրքրվեցինք՝ թե ի՞նչն էր տուլարեմիա հիվանդության բռնկման պատճառը:
Նա ասաց, որ 99 տոկոսով համոզված է՝ ադրբեջանական թռչող սարքի միջոցով է հիվանդության վարակը տարածվել Արծվաբերդում: Չնայած, որ հողում, ջրում եւ այլ տեղերում կատարված հետազոտություններով ժխտվել է դրանցում տուլարեմիայի վիրուսի առկայությունը: Այս դեպքում ո՞րն էր նրա կասկածի աղբյուրը:
«Արծվաբերդի առողջության կենտրոն»-ի տնօրենն ասաց, որ մի քանի տարի առաջ Բերդի տարածաշրջանում ոչխարների, հավերի կատաղության հիվանդության բռնկում էր: Այդ հիվանդությունը ընտանի կենդանիներից անցել էր մարդկանց: Նա համոզված է, որ դա նույնպես ադրբեջանական դիվերսիայի հետեւանք էր, ադրբեջանցիները շների բազմացման շրջանում կատաղությամբ վարակված շներ են բաց թողել սահմանագոտում, այդ շները Բերդի սահմանագոտու գյուղերի շների հետ հարաբերություններ ունենալով` կատաղություն հիվանդության վարակ են տարածել: Հետագայում շներից վարակը տարածվել էր ընտանի կենդանիներին եւ մարդկանց»: