Իրանի դեմ պատժամիջոցները խստացնելու համար ԱՄՆ-ն ԵՄ-ի աջակցության կարիքը չունի. Թրամփ
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը դեմ չէ, որ եվրոպական երկրները շարունակեն առևտրային ոլորտում համագործակցել Իրանի հետ և որ Իրանի դեմ պատժամիջոցները խստացնելու համար ԱՄՆ-ն Եվրամիության աջակցության կարիքը չի զգում: Այս մասին Թրամփն ասել է Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Ես նրանց ասացի՝ նրանք իմ ընկերներն են, ես նրանց բոլորի հետ լավ հարաբերությունների մեջ եմ՝ լինի դա Էմանուել Մակրոնը (Ֆրանսիայի նախագահ), թե Անգելա Մերկելը (Գերմանիայի կանցլեր), թե այլ մեկը: Ես նրանց ասացի՝ շարունակեք գումար աշխատել, մի՛ անհանգստացեք, դուք մեզ դրա համար պետք չեք», - ասել է Թրամփը:
Նա նշել է, որ Իրանը միլիոնավոր դոլարների ապրանք է գնում Գերմանիայից, Ֆրանսիայից և ԵՄ անդամ այլ երկրներից:
«Նրանք նույնիսկ ցանկանում էին մեզնից Boeing օդանավեր գնել: Տեսնենք, թե ինչ կլինի այդ գործարքի հետ», - ասել է ԱՄՆ նախագահը: