25.11.2024
ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի համագործակցության խորացումը սպառնալիք է տարածաշրջանին. ՌԴ ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Հետ է մղվել Հայաստանի վրա 1,5 հազար «հրոսակախմբի» հարձակումը. ՀԱՊԿ զորավարժություններ

Հայաստանում շարունակվում են ՀԱՊԿ-ի «Փոխգործակցություն 2017» զորավարժությունները: Ըստ պայմանական սցենարի՝ զորավարժությունների ժամանակ չեզոքացվել են ՀԱՊԿ անդամներից մեկի տարածքին մոտեցած ապօրինի զինված խմբավորումները:


Գործի են դրվել նաեւ «Миг-29» կործանիչներ, անօդաչու թռչող սարքեր, որոնց օժանդակությամբ հետ է մղվել Հայաստանի վրա 1,5 հազար «հրոսակախմբի» հարձակումը:


«Փոխգործակցություն-2017» զորավարժությանն ընդհանուր առմամբ ներգրավված է ավելի քան 2500 զինծառայող, շուրջ 500 միավոր սպառազինություն և ռազմական տեխնիկա: ՀՌՕ զորահրամանատար գեներալ–գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովը նշել է, որ «Ալագյազ» և «Բաղրամյան» զորավարժարաններում անցկացվող «Փոխգործակցություն -2017» զորավարժությունները ՀԱՊԿ-ի «Մարտական եղբայրություն-2017» զորավարժությունների փուլերից մեկն է։


«Մենք ականատես դարձանք ՀԱՊԿ անդամ–պետության ինքնիշխանության պաշտպանության հարցում բոլոր ստորաբաժանումների սերտ գործակցությանը։ Պայքարն ընթանում էր լեռնային պայմաններում` ապօրինի զինված խմբավորումների դեմ»,– ասել է Դվորնիկովը՝ հավելելով, որ ՀԱՊԿ երկրների ԶՈւ–երն առանձին-առանձին պատրաստ են խնդիրների կատարմանը, իսկ ահա «Փոխգործակցությունը» նման զորավարժությունների վրա է մշակվում։


Լրատվամիջոցների հետ զրուցել է նաեւ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ Տիրան Խաչատրյանն, որի խոսքով զորավարժությունների ընթացքում դրված բոլոր խնդիրները լուծվել են։ Թեպետ ըստ նրա այս պահին դժվար է խոսել վերջնական արդյունքների մասին, սակայն զորավարժություններն, ընդհանուր առմամաբ, կարելի է «գնահատել լավ»: «Արդյունքները կամփոփվեն կրակային խոցումից հետո»,– ասել է Խաչատրյանը։


Զորավարժություններում պայմանական ապօրինի զինված խմբավորումների արգելափակման և ոչնչացման համար ներգրավվել էին ռուսական ռազմակայանի գումարտակի մարտավարական խումբը, Հայաստանի ՌՕՈՒ բանակային և գրոհային ավիացիայի, ռուսական ավիակայանի կործանիչները, ինչպես նաև համատեղ մանևրումների անդամ-պետությունների հատուկ ստորաբաժանումներ Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղըզստանից, Ռուսաստանից և Տաջիկստանից։


ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավար Անատոլի Սիդորովը, ով այս օրերին ՀՀ-ում, հոկտեմբերի 12-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ դաշինքի օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2017» զորավարժությունների շրջանակներում բոլոր միջոցառումներն անցկացվում են մեկ սցենարով: Նրա խոսքով, Հայաստանի տարածքում անցկացվող զորավարժություններն ակտիվ փուլում են:


Զորավարժությունների հիմքում, նշում է Սիդորովը, ընկած է կովկասյան տարածաշրջանում իրադարձությունների զարգացման հնարավոր տարբերակները: «Հայաստանում երկրորդ անգամ ենք նման ծավալի զորավարժություններ անցկացնում: Առաջինը եղել էր 2012 թ.: Այդ ընթացքում շատ բան է փոխվել, ինչը հաշվի ենք առել ընթացիկ զորավարժությունները կազմակերպելիս»,- ասել է ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավարը՝ հավելելով, որ զորավարժությունների սցենարով իրականացվում է միջոցառումների ամբողջական համալիր` տարածաշարջանում իրավիճակի հնարավոր սրացումից մինչև կարգավորում:


Նա հայտարարել է, որ ներդրվել է Հավաքական ուժերի ղեկավարման նոր սխեմա, որն առաջին անգամ «աշխատեց հենց այս զորավարժությունների ընթացքում»: «Հավաքական ուժերը զորավարժությունների ժամանակ գործում են պայմանական հակառակորդի դեմ»,- ասաց ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավարը՝ միաժամանակ ընդունելով, որ զորավարժությունների ժամանակ թերություններ եւս նկատվել են:


«Զորավարժություններում թերություններ, իհարկե, կան, սակայն, միևնույն ժամանակ, նա շեշտեց սպաների բարձր պրոֆեսիոնալիզմը, զորքերի մարտական պատրաստության բարձր մակարդակը», - եզրափակել է նա: