ՀԱՊԿ երկրների բոլոր զինված ուժերը կկարողանան ներդաշնակ գործել. Հակոբյան
Երևանում մեկնարկեցին ՀԱՊԿ-ի զորավարժությունների շրջանակներում պլանավորված` ՀԱՊԿ-ի միացյալ խմբավորումների և հայ-ռուսական խմբավորումների համատեղ զորավարժությունները: Այս մասին այսօր «Բաղրամյան» զորավարժարանում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը:
«Բոլոր երկրների ստորաբաժանումները ներկայացել են, այսօր բացման արարողությունն է, և մենք այս պահից արդեն անցնում ենք զորավարժության փուլին»,- tert.am-ի փոխանցմամբ ասել է նա:
Մովսես Հակոբյանը նշել է, որ այս զորավարժությունն ուղղված է նրան, որպեսզի ՀԱՊԿ-ի շրջանակներում ՀԱՊԿ երկրների բոլոր զինված ուժերը կարողանան ներդաշնակ գործել և այս երեք օրը զորքերը զբաղվելու են հենց ներդաշնակ գործողության կազմակերպմամբ:
«Մասնակցելու են ինչպես խաղաղապահ գործունեություն իրականացնող ստորաբաժանումներ, այնպես էլ հատուկ ստորաբաժանումներ, որոնք իրականացնելու են հատուկ խնդիրներ. մասնակցելու են համազորային, հրթիռային, ավիացիոն բոլոր խմբավորումները, որոնք գործում են ՀԱՊԿ-ի երկրներում` բացառությամբ , ստրատեգիական զենքի, մնացած բոլորն օգտագործվելու են»,- հավելել է նա: