Ղարաբաղյան հակամարտությունում Վրաստանի միջնորդությունն անհնար է. փոխխոսնակ
Վրաստանի միջնորդությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում անհնար է: Այս մասին ԱՊԱ-ի հետ զրույցում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Սերգի Կափանաձեն:
«2016 թվականի ապրիլին ղարաբաղյան հակամարտության գոտիում թեժացման ժամանակ չմտածված հայտարարություններ հնչեցին, թե Վրաստանը կարող է իր միջնորդությունն առաջարկել կողմերին: Ես շատ կցանկանայի, որպեսզի Թբիլիսին միջնորդ հանդիսանար, սակայն ստեղծված իրավիճակը բացառում է վրացական կողմի միջնորդությունը», - նշել է Կափանաձեն:
Փոխխոսնակը կարծում է, որ հակամարտության կարգավորման գործընթացում միջազգային միջնորդությունը պրակտկորեն բացակայում է.
«Չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերին, իրական միջազգային միջնորդություն գոյություն չունի: Իսկ որքան մեծ լինի այդ մասնակցությունը, այնքան մեծ են շանսերը հակամարտության կարգավորման գործընթացում: Կողմերը չեն կարող հաջողության հասնել առանց միջազգային միջնորդության»,- հավելել է նա: