ՀՀ-ն ասել է, թե ինչ է ակնկալում Վրաստանից ԼՂ հակամարտության կարգավորման գործընթքացում
Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Արմեն Աշոտյանը, Արմեն Ռուստամյանը, Վարդեւան Գրիգորյանը եւ Լենա Նազարյանը, սեպտեմբերի 25-ին հանդիպել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ-ից, Արա Բաբլոյանը շնորհակալություն է հայտնել նախագահին բարձր մակարդակով ընդունելության համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-վրացական համագործակցության տարբեր ոլորտներին առնչվող բազմաթիվ հարցեր: Արա Բաբլոյանը, Վրաստանի Նախագահին ներկայացնելով հայ-վրացական խորհրդարանական աշխատանքների ուղղությունները, մասնավորապես նշել է, որ Հայաստանի խորհրդարանում ձեւավորվել է Հայաստան-Վրաստան բարեկամական խումբ՝ Ազգային ժողովի փոխնախագահի գլխավորությամբ, որը պատրաստ է ակտիվ ու բազմակողմանի աշխատանքի: Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ Ազգային ժողովը պատրաստ է իր լիազորությունների սահմաններում անել ամենը հայ-վրացական հարաբերություններն առավել խորացնելու համար:
Խոսելով ԼՂ հիմնախնդրի կարգավորումից՝ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մասնավորապես նշել է. «Հայաստանը մեծապես արժեւորում է Վրաստանի դերակատարությունը Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգության հարցերում եւ ակնկալում է ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում Վրաստանի հավասարակշռված դիրքորոշումը: Մեր պատկերացմամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, լինելով մարդու իրավունքների խնդիր, կարող է լուծվել միայն Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման միջոցով»: ՀՀ խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված սպառազինությունների մրցավազքը լուրջ վտանգ է տարածաշրջանի բոլոր երկրների համար:
Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, շնորհակալություն հայտնելով Հայաստանի Հանրապետությանը Վրաստանում տեղի ունեցած հրդեհների ժամանակ աջակցելու համար, ափսոսանք է հայտնել, որ այդպիսի աղետներ են եղել նաեւ Հայաստանում:
Խոսելով վրաց-հայկական դիվանագիտական հարաբերություններից՝ Վրաստանի Նախագահը մասնավորապես նշել է, որ արդեն 25 տարի երկու երկրների հարաբերություններում առաջընթացն ակնհայտ է, եւ Վրաստանը մշտապես պատրաստ է Հայաստանի հետ քննարկելու ցանկացած հարց եւ առավել զարգացնելու երկու երկրների հարաբերությունները բոլոր ոլորտներում: Վրաստանի Նախագահը գոհունակություն է հայտնել Հայաստանի ու Վրաստանի օրենսդիր մարմինների միջեւ առկա խորհրդարանական դիվանագիտական համագործակցության զարգացումից: Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին՝ Վրաստանի Նախագահը մասնավորապես նշել է. «Մեր եղբայրական սիրտը ցավում է ադրբեջանա-հայկական հակամարտության համար: Մի բան հաստատ է, որ մեր՝ փոքր ազգերիս համար այդպիսի հակամարտությունները կարող են լինել կործանարար: Մենք աղոթում ենք տարածաշրջանի խաղաղության համար»:
Նույն օրը ՀՀ ԱԺ պատվիրակությունը՝ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորությամբ, հանդիպել է Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ: