Գարեգին Բ-ն Վրաստանի նախարարի հետ քննարկել է հայկական եկեղեցիների պահպանության հարցը
Սեպտեմբերի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարար Միխեիլ Գիորգաձեին՝ ուղեկցությամբ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի:
Նորին Սրբությունն իր գոհունակությունը հայտնեց Հայաստանի եւ Վրաստանի մշակույթի նախարարությունների միջեւ ձեւավորված սերտ կապերի եւ գործակցության առիթով` իբրեւ վկայություն երկու հավատակից ժողովուրդների դարավոր բարեկամության:
Նախարար Միխեիլ Գիորգաձեն իր խոսքում անդրադարձ կատարեց հայ գործընկերների հետ արդյունավետ համագործակցությանը ու համատեղ մշակութային ծրագրերի իրագործմանը:
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն արծարծեց նաեւ Վրաստանում հայկական եկեղեցիների եւ մշակութային արժեքների պահպանությանն ու իրավական կարգավիճակին առնչվող հարցեր:
Հայոց Հովվապետը մտահոգությամբ բարձրաձայնեց մասնավորապես խոնարհված եւ փլուզման եզրին գտնվող մի շարք եկեղեցիների նկատմամբ պատշաճ խնամք եւ հոգածություն ցուցաբերելու անհրաժեշտությունը: Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ վրաց իշխանությունների կողմից համապատասխան քայլեր կձեռնարկվեն հանգուցալուծելու նշյալ խնդիրները:
Վրաց նախարարն իր հերթին լուսաբանություններ տվեց այս ուղղությամբ իրականացված եւ ծրագրվող քայլերի մասին:
Վեհափառ Հայրապետը նախարարից հետաքրքրվեց նաեւ Համայն Վրաստանի Իլյա Բ Պատրիարք-Կաթողիկոսի առողջական վիճակով` փոխանցելով Նորին Սրբությանն իր ողջույններն ու բարեմաղթանքները:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն Աստծո օրհնությունն ու պահպանությունը մաղթեց Վրաստանին եւ վրաց ժողովրդին, պայծառություն` Վրաց Ուղղափառ Եկեղեցուն:
Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի արարողակարգի եւ արտաքին հարաբերությունների բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը եւ Վրաստանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: