23.11.2024
Հայկական ԱԷԿ-ի անվտանգությունը համապատասխանում է միջազգային չափանիշներին. նախարար
prev Նախորդ նորություն

Մամուլ. Կարեն Կարապետյանի թիրախում են հայտնվել Վիգեն Սարգսյանն ու Վլադիմիր Գասպարյանը

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ վարչապետ Կարեն Կարապետյանի ուշադրության թիրախում են հայտնվել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ու պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Կարեն Կարապետյանի 2018-ի ծրագրերին այս պահին, բացի Սերժ Սարգսյանից, իրական երկու խոչընդոտ կա: Վիգեն Սարգսյանը վարչապետի պաշտոնի հավակնորդ է, իսկ Վլադիմիր Գասպարյանը մնում է Սերժ Սարգսյանի ամենահավատարիմ ուժային կառույցի ղեկավարը:


Վարչապետն օգոստոսի վերջից ի հավելումն իր ազդեցության տակ գտնվող օնլայն լրատվամիջոցների, մեծ ֆինանսական միջոցների ներգրավմամբ իր աջակիցների շարքերը համալրել է տպագիր մամուլի մի քանի պարբերականներով, որոնք մեծ պատրաստակամությամբ կատարում են «սև PR»-ի իրենց գործառույթը»:


«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Կարեն Կարապետյանը որոշել է զարմացնել իր դիմացկունությամբ և քաղաքական հմտություններով: Վարչապետի պաշտոնում նրա նշանակումից հետո բոլորը միակարծիք էին, որ Կարապետյանը քաղաքական ֆիգուր չէ, իսկ Երևանի քաղաքապետի պաշտոնից հրաժարականի հայտնի պատմությունը հիմք էր տվել եզրակացնելու, որ նա նաև թույլ նյարդեր ունի և ինչ-որ իրավիճակների առաջ արագ ընկրկում է:


Սերժ Սարգսյանն արդեն երկար ժամանակ ամեն ինչ անում է, որպեսզի այդպիսի իրավիճակ ստեղծի՝ Կարապետյանին դրդելու հրաժարականի, բայց, կարծես թե, ոչ մի կերպ դա չի հաջողվում: Ընդ որում, Սարգսյանն այս ընթացում, կարծես թե, օգտագործել է իր զինանոցի բոլոր գործիքներն ու զինատեսակները: Հնարավոր է, իհարկե, որ նա թաքուն պահած ինչ-որ փամփուշտ դեռ ունի, սակայն առայժմ ակնհայտ է, որ դադար է վերցրել և չի պատրաստվում այն օգտագործել:


Մինչ այդ վարչապետն իր փամփուշտներն է արձակում: Երեկ Հայաստան-Սփյուռք համաժողովում ելույթ ունենալու հերթը նրանն էր: Ճանաչելով Սերժ Սարգսյանի քաղաքական ձեռագիրը՝ կարող ենք ենթադրել, որ նա ամեն ինչ արել է, որ մինչև այս համաժողովը Կարեն Կարապետյանն արդեն երկրի վարչապետ չլիներ և չմասնակցեր սույն շատ կարևոր միջոցառմանը: Դրա համար Սարգսյանը, իհարկե, լուրջ պատճառներ ուներ: Հայտնի է, որ Սփյուռքում Հայաստանի գործող իշխանություններին այնքան էլ խանդավառ չեն ընդունում, շատ հարցերում վերապահումներ և դժգոհություններ ունեն: Այս իրավիճակում Կարեն Կարապետյանն իր եվրոպական կերպարով կարող է լուրջ այլընտրանք դառնալ Սփյուռքի հեղինակավոր գործիչների համար: Շատ տարօրինակ է, բայց վերջին շրջանում, այսինքն՝ ճիշտ այն ժամանակահատվածում, երբ Սերժ Սարգսյանը փորձում էր օղակը սեղմել վարչապետի շուրջը, Արևմուտքից վերջինիս լուրջ աջակցություն էր ցուցաբերվում:


Սա տարօրինակ է, որովհետև Կարեն Կարապետյանը ռուսական քաղաքական և գործարար շրջանակների հետ փոխկապակցված անձ է, ուստի պետք է մերժված լիներ Արևմուտքի կողմից: Սակայն արդեն մի քանի ամիս է՝ Հայաստանում ԱՄՆ-ի և Եվրամիության դեսպանների ամեն երկրորդ խոսքը վարչապետի բարեփոխումները ողջունելն է, նրան խրախուսելը: Արդյոք սա նշանակում է, որ վարչապետը ռուսական պլատֆորմից սահուն անցում է կատարել արևմտյան պլատֆորմ, շատ դժվար է ասել: Իսկ գուցե նա, պահպանելով առաջինը, շահել է նաև երկրորդի համակրա՞նքը: Ամեն դեպքում Արևմուտքից այս ակնհայտ աջակցության պարագայում, Սփյուռքի սիրտն էլ շահելով՝ վարչապետը կարող է լուրջ վտանգ ներկայացնել Սերժ Սարգսյանի համար:


Լիբանանահայ գործիչ Համբիկ Մարտիրոսյանը վարչապետին հարց ուղղելիս շնորհակալություն է հայտնել նրան վերջին մեկ տարվա գործունեության համար, ասել է, որ նա «հեղափոխական գործիչ է, իսկական շախմատ խաղացող, որը շախ արեց ու մատ ցույց տվեց որոշ մարդկանց ու հեռացրեց քաղաքական դաշտից»: Իսկ հարցը եղել է հետևյալը. «Հիմա հարց պետք է տամ՝ խնդրելով մեկ բառով պատասխանել, արդյոք Կարեն Կարապետյան վարչապետը կփափագի մնալ պաշտոններու վերա»: Կարեն Կարապետյանը հենց մեկ բառով էլ պատասխանել է՝ «այո՛»: Այս ձոնը, հարցուպատասխանը չեն կարող պատահականություն լինել: Իսկ դա նշանակում է, որ Կարեն Կարապետյանը լուրջ է տրամադրված, եթե դիմում է քաղաքականության մեջ հաճախ օգտագործվող նման հնարքների:


Նա նաև շատ բազմանշանակ է պատասխանել 2018-ին Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալու հավանականության մասին հարցին: «Եկեք այսպես ասենք, մասնավոր անձանց կարծիքները թույլ տվեք չմեկնաբանել: Երբ կլինի ՀՀԿ-ի պաշտոնական կարծիքը, հարցրեք։ Դուք կուսակցության պաշտոնական կարծիքը լսե՞լ եք»,- ասել է Կարեն Կարապետյանը: Սույնով նա արժեզրկել է տարբեր մեծ ու փոքր ՀՀԿ-ականների անձնուրաց լոբբինգը Սերժ Սարգսյանի օգտին, երբ նրանք երբեմն սրտաճմլիկ հիմնավորումներ են բերում, թե ինչու պետք է Սարգսյանը մնա պետության գլուխը:


«Կառավարությունը ձեռնարկում է համալիր միջոցառումներ դատական համակարգի անկախությունը և անաչառությունը ապահովելու համար։ Մենք որդեգրել ենք անհանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ, աշխատում ենք պետական ծառայողի կերպարի վրա»,- ասաց վարչապետը՝ ուղիղ հարվածելով Սերժ Սարգսյանի իշխանության աքիլեսյան գարշապարին:


Եվ վերջին մահացու հարվածը. «Հաջորդ տարի աշնանը մենք նախատեսում ենք կազմակերպել մեծ տնտեսական և ներդրումային ֆորում Հայաստանում… Տրամադրված ենք այդ ֆորումը դարձնել ամենամյա»: Բանն այն է, որ հաջորդ տարի աշունը 2018-ի ապրիլից հետո է: Փաստորեն, Կարեն Կարապետյանը պատրաստվում է այդ ժամանակ մեծ ֆորում հյուրընկալել Հայաստանում: Վարչապետի ինքնավստահությունը իսկապես տպավորում է, կամ գուցե մե՞նք ենք այս ընթացքում ինչ-որ բան բաց թողել»:


«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ գրել էինք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չի մասնակցել Գագիկ Ծառուկյանը չի մասնակցել Հայաստան-Սփյուռք համաժողովին, թեեւ համաժողովի մասնակիցները սեպտեմբերի 17-ին հյուրընկալվել էին Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ռեստորանային համալիրում: ԲՀԿ-ից մեզ չէր հաջողվել ճշտել՝ Ծառուկյանին հրավեր եղել է, թե՝ ոչ: Ի պատասխան մեր հրապարակմանը, Ծառուկյանի մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանը երեկ հայտնել է, որ Գագիկ Ծառուկյանը հրավերը ստացել է, սակայն չի մասնակցել միջոցառմանը, քանի որ Հայաստանում չէ։ Տոնոյանը չի նշել, թե Գագիկ Ծառուկյանը ուր է մեկնել»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի քրեական շրջապատը՝ «Նեգրի» գլխավորությամբ, սպառնում է Արդվի գյուղի բնակիչներին: Գյուղացիներին սպառնում են, վախեցնում, փորձում են կաշառելով համոզել, որ արդվեցիներն իրենց դիրքորոշումը փոխեն և համաձայնեն հանքավայրի երկրաբանական ուսումնասիրությունների կատարմանը և ապա հանքավայրի շահագործմանը: Նշենք, որ Արդվիի ոսկու հանքավայրի շահագործամամբ հետաքրքրված էՎահրամ Բաղդասարյանը, իսկ Վանաձորում հայտնի քրեական տարր «Նեգրը» մշտապես եղել է Վահրամ Բաղդասարյանի աջակիցը: Նախընտրական շրջանում նա աշխատում էր հենց Բաղդասարյանի համար»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ պատգամավոր ընտրվելը բավական դրական է անդրադարձել «Ծառուկյան» դաշինք խմբակցության որոշ անդամների վրա: Մասնավորապես այդ դաշինքի պատգամավորներ Վարդևան Գրիգորյանը և Սերգեյ Բագրատյանը մանդատ ձեռք բերելուց հետո նաև ՀԷԿ-եր են ձեռք բերել: Ըստ մեր աղբյուրի՝ Վարդևան Գրիգորյանը ՀԷԿ-ը գնել է 2 մլն դոլարով: Սա նրանց ունեցած միակ ՀԷԿ-ը չէ, ինչը նշանակում է, որ պատգամավորները բավական գոհ են այդ բիզնեսից ստացվող եկամտից»:


«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԻՆ փրկարար ծառայության բաժնի պետ, գեներալ Մանվել Գրիգորյանի մտերիմ Մուշեղ Ղազարյանը, որը հայտնի է իր արկածներով, մեր տեղեկություններով, կեղծ դիպլոմով է սկսել աշխատանքային կարիերան։ Ռուսաստանյան մի բուհի, կարծեմ՝ Տիրասպոլի փաստաթուղթ է ձեռք բերել, ապա դրա հիման վրա միանգամից նստել ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի 2-րդ կուրս։ Ուշագրավ է, որ 1-ին կրթության փաստը նշված չէ նրա կենսագրականում, որը զետեղված է ԱԻՆ պաշտոնական կայքում, նշված է միայն ԵՊՀ իրավաբանի մասնագիտությունը, սակայն նա պետք է դրանից առաջ որևէ բուհ ավարտած լիներ՝ բաժնի պետի պաշտոն զբաղեցնելու համար։ Ղազարյանի կենսագրությունից տեղեկանում ենք, որ 1996-98 թթ. ՊՆ կարգապահության պետն է եղել, ինչը, փաստորեն, անօրինական է, քանի որ բաժնի պետի պաշտոնի համար պարտադիր բարձրագույն կրթություն է պահանջվում։


Բացի այդ, եթե 2-րդ դիպլոմի հիմքում առաջին կրթության կեղծ վկայական է դրված, ապա 2-րդ կրթությունն էլ է առոչինչ ճանաչվում։ Մուշեղ Ղազարյանից հետաքրքրվեցինք նրա կրթությամբ, թե ինչու կենսագրության մեջ չկա 1-ին կրթությունը, և ինչպես է վարչության պետի պաշտոն զբաղեցրել՝ առանց բարձրագույն կրթության։ Նա հեգնեց․ «Ես չեմ կարդացել, տեղյակ չեմ»։ Որտե՞ղ է բարձրագույն կրթություն ստացել։ Ասաց, որ զբաղված է, և անջատեց հեռախոսը»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Շիրակի մարզում գտնվող Արփի լիճը դատարկվում է: Բնապահպաններն ահազանգում են, որ լճից ոռոգման պատրվակով բաց թողնվող ջուրը հիմնականում ուղղվում է դրանից սնվող փոքր ՀԷԿ-երի աշխատանքներին: «Այն պետք է դնել մշտադիտարկումների և ուժեղ վերահսկողության տակ: Կառավարությունում այս խնդիրը բարձրացված է և շուտափույթ լուծում պետք է գտնի»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:


Իսկ ինչով է զբաղված ջրային տնտեսության պետական կոմիտեն: Նախագահ Արսեն Հարությունյանը աշխատում է իր նախկին գործելաոճով, ինչպես «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենն էր, որ մարդիկ տարիներ շարունակ վճարում են գազի ներտնային սպասարկման համար, բայց երբեք «չեն տեսնում» այն: Այսօրվա դրությամբ հանրապետության ջրային ռեսուրսները օր օրի նվազում են, իսկ ջրպետկոմը ղեկավարող Արսեն Հարությունյանը ջայլամի քաղաքականություն է վարում: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը ողջ օրվա ընթացքում փորձեց մեկնաբանություն ստանալ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, սակայն ոչ մի պատասխան չստացանք»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում աշխատող կիպրոսահայ գործարար Հարություն Թամազյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դժգոհել է ՀՀ իշխանությունների վերաբերմունքից՝ պնդելով, որ դեռ չի նկատում կառավարության հայտարարած ներդրումների քաղաքականության արդյունքները: Ըստ նրա՝ աշխատելիս յուրաքանչյուր անգամ նոր խոչընդոտների է հանդիպում, հատկապես՝ մաքսավորների հետ շփումներում: «Ասվում է՝ սփյուռքահայե՛ր, եկե՛ք, այստեղ ներդրումներ արե՛ք, լավ, գանք, բայց պետք է պայմաններ լինեն: Ընդհակառակը, երբ գնում եք որեւէ մաքսային գրասենյակ, նախ իբրեւ սփյուռքահայ քեզ երկրորդ դաս կդարձնի: Միգուցե քեզ չի ճանաչում, բայց այն կողմ է դնում քեզ: Ասում է՝ սպասի, հետը կխոսես, քեզ չի նայում: Այսինքն՝ բաներ կան, որ մեզ համար խորթ են»,- ասել է նա»: