CNN-ի աշխատակիցը $2,6 մլն կաշառք է ստացել Բաքվից ադրբեջանամետ նյութեր հրատարակելու դիմաց
Նոր փաստեր են հայտնվել կոռուպցիոն գործարքներին Ադրբեջանի մասնակցության վերաբերյալ: Այս անգամ սկանդալի կենտրոնում է հայտնվել CNN-ի արդեն նախկին աշխատակիցը: Այդ մասին գրում է ադրբեջանական azdaliq.info-ն:
OCCRP-ի «Ադրբեջանական լվացքատուն» կոչվող զեկույցում հիշատակվում է CNN-ի նախկին պրոդյուսեր Էկորտ Սագերը, որը $2,6 մլն կաշառք է ստացել Ադրբեջանից: Գումարը փոխանցվել է նրա հաշվեհամարին ԱՄԷ-ում բրիտանական ընկերության միջոցով:
Զեկույցում ասվում է, որ Սագերը, ստանալով գումարը, հոդվածներ է հրապարակել, որոնք քարոզում էին Ադրբեջանի տեսակետը տարբեր հարցերում և պաշտպանում էին ադրբեջանամետ դեմքերին:
«Հոդվածներից մեկը գրվել էր ի պաշտպանություն իտալացի խորհրդարանական Լուկա Վոլոնտեի, որը մեղադրվում է Ադրբեջանից կաշառք ստանալու դիմաց Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցը վերանայելու մեջ»,- ասվում է զեկույցում, որտեղ բացահայտվել են կոռուպցիոն գործարքներն Ադրբեջանում: