Արտերկրում ապրելու և աշխատելու ՀՀ քաղաքացիների հնարավորություններն ավելացել են
Հայաստանը 97-րդ հորիզոնականն է զբաղեցրել The Henley & Partners` Աշխարհի քաղաքացիությունների վարկանիշում, բարելավելով իր արդյունքն արտերկրում ապրելու և աշխատելու նոր հնարավորությունների հաշվին: Այս մասին գրում է Panarmenian.net-ը:
Աշխարհի քաղաքացիությունների վարկանիշը (The Henley & Partners – Kochenov Quality of Nationality Index, QNI) ներկայացնում է աշխարհի երկրների քաղաքացիության օբյեկտիվ գնահատականը: Փորձագետները 195 քաղաքացիություն են ընդգրկել ցանկում՝ 2012-2016-ի ցուցանիշներով:
2016-ին Հայաստանը ստացել է 29,9%՝ գրավելով 97-րդ տեղը: 2015-ին երկիրը 110-րդ տեղում էր, սակայն ցուցանիշն ավելի ցածր էր՝ 26,1%: Ընդհանուր առմամբ, ՀՀ քաղաքացիության դիրքը վերջին 5 տարում բարելավվել է 3,2%-ով:
2016-ին ՀՀ դիրքը բարելավվել է առաջին հերթին արտերկրում առանց մուտքի արտոնագրի ապրելու ու աշխատելու հնարավորությունների ընդլայնման հաշվին: Հայերի համար այդ առումով հասանելի են դարձել Բելառուսը, Վրաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը:
Ինչպես նախորդ 5 տարիներին, 2016-ի ևս առաջատարը Գերմանիան է 82,7 տոկոսով: Երկրորդը կիսում են Ֆրանսիան ու Դանիան, հաջորդում են Իսլանդիան, Շվեդիան և Նորվեգիան: Ընդհանուր առմամբ առաջատարների տասնյակը զգալիորեն չի փոխվել՝ դուրս են մնացել Իռլանդիան և Բելգիան, որոնց փոխարինել են Իսպանիան և Իտալիան: Ցանկը եզրափակում են ՀԱՀ-ը՝ 16,3 տոկոսով և Աֆղանստանը 14,6 տոկոսով: