VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ-Ծառուկյան դաշինք 2018-ի հնարավոր կոալիցիան սարսափեցրել է ՀՅԴ-ականներին, նրանք նույնիսկ կուլիսային խոսակցություններում նեղսրտել են, թե Գագիկ Ծառուկյան-Սերժ Սարգսյան կոալիցիայի դեպքում հնարավոր է՝ իրենք այլևս մաս չկազմեն նոր կոալիցիային:
Ի դեպ, մեր տեղեկություններով՝ «Հայանտառի» նոր տնօրեն ՀՅԴ խմբակցության նախկին պատգամավոր Միքայել Մանուկյանը ՊՈԱԿ-ը դաշնակցականներով է լցնում: Նրանք նույնիսկ կես կատակ նշում են, որ փորձում են ՊՈԱԿ-ներում տեղավորվել, քանի որ հայտնի չէ՝ 2018-ին կլինե՞ն կոալիցիայում, թե՞ ոչ»,-գրում է թերթը:
«Ժամանակ» օրաթերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ վերջին շրջանում չափազանց սերտացել են Սերժ Սարգսյանի և ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի շփումները: 2017թ․ հուլիսի 15-ին տեղի ունեցավ Խաչատրյան ընտանիքի կողմից հայրենի Եղվարդում կառուցված եկեղեցու օծման արարողությունը, որին ներկա գտնվեց Սերժ Սարգսյանը: Գագիկ Խաչատրյանն ու որդիները պարբերաբար այցելում են Արցախ՝ առաջնագծում շարունակելով բազմամիլիարդ ներդրումների ծրագրերը: Առաջիկայում չի բացառվում, որ Գագիկ Խաչատրյանը նշանակվի ՀՀ նախագահի խորհրդական՝ տնտեսական հարցերով: 2018-ին Սերժ Սարգսյանի կողմից վարչապետի պաշտոնը ստանձնելու դեպքում ամենևին չի բացառվում, որ Գագիկ Խաչատրյանը վերադառնա գործադիր՝ ստանձնելով նոր Սահմանադրությամբ վերապահված երեք փոխվարչապետերից մեկի պաշտոնը»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի պետական պարտքը շարունակում է իր «հաղթարշավը»: Պաշտոնական փաստաթղթերից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ օգոստոսի 31-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 6 մլրդ 259.5 մլն դոլար: Այդ գումարից 5 մլրդ 685.6 մլն դոլարը կառավարության պարտքն է, որից միայն 4 մլրդ 447 մլն դոլարը՝ արտաքին պարտքը: Նկատենք, որ մեկ ամսվա ընթացքում պետական պարտքն աճել է 58 մլն դոլարով, տարեսկզբի համեմատ՝ 317.4 մլն դոլարով ավել: Պարտքի աճի նման տեմպերը լուրջ մտահոգությունների տեղիք են տվել: Բանն այն է, որ վաղուց ի վեր այն գերազանցել է Հայաստանի ՀՆԱ-ի 50 տոկոսը՝ մոտենալով կարմիր գծին, եւ գնալով դժվարանում է պարտքի սպասարկումը: Բայց չնայած այդ ամենին՝ իշխանությունները շարունակում են նոր պարտքեր կուտակել»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանը մտադրվել է բարձրացնել մայրաքաղաքի տրանսպորտի ուղեվարձը: Բայց փորձում է այդ նպատակին հասնել նենգ եղանակներով՝ տպավորություն ստեղծելով, թե դա հասարակական պահանջ է: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս ընթացքում քաղաքապետարանը ձևափոխել ու կարճացրել է բազմաթիվ երթուղիներ: Արդյունքում՝ քաղաքացիները ստիպված օգտվում են երկու տրանսպորտից:
Նպատակը մեկն է. այդպես մարդկանց մոտ արհեստական բողոք հասունացնել, որպեսզի քաղաքացիներն իրենք պահանջեն թանկացնել ուղեվարձը, միայն թե ներկայիս պայմաններով չերթևեկեն, այլ նստեն մի երթուղային և իջնեն իրենց ցանկացած կանգառը: Ուղևորափոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ իրենց հաշվարկներով մայրաքաղաքում այսօր օրական 50 հազար մարդ հասարակական տրանսպորտը երկու անգամ փոխելով է հասնում իր ցանկացած վայրը»:
«Ժողովուրդը» գրում է. «Հայաստանը հետեւողականորեն վերածվում է Սիցիլիայի, որտեղ մարդիկ, չվստահելով իրավապահ համակարգին, փորձում են իրենց հարցերը լուծել զենքի ուժով, ինքնադատաստանի միջոցով: Այս տրամաբանության շրջանակներում երեկ գիշեր Էջմիածնում թեժ մարտեր են ընթացել. «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ հենց փողոցում եռակողմ անկանոն կրակահերթի արդյունքում սպանվել է երկու հոգի: Սպանվողը քրեական հեղինակություն՝ Արտյոմ Կանեւսկո մականունով հայտնի Արտյոմ Հարությունյանի թիկնազորից էր: Համենայնդեպս, այս տարվա հունիսի 8-ին Երեւանում, երբ ոստիկանությունը մեծ շուքով բերման ենթարկելու օպերացիա կազմակերպեց՝ Արտյոմ Հարությունյանի թիկնազորի անդամներին բերման ենթարկելով, «բաժին տարվածների» թվում էր սպանված Կարենը: Նրանց մեքենաների սրահներում հայտնաբերվել էին զենքեր, իսկ թե ինչպես ազատ արձակվեցին, այդպես էլ անհայտ մնաց: Եւ հիմա կասկածներ կան, որ Էջմիածնում հայտնի Տուպիկ Կարենը՝ Կարեն Դավթյանը, իր վարորդի՝ Լեւոն Ավետիսյանի հետ սպանվել է մեկ այլ հեղինակություն Դոն Պիպոյի՝ Արթուր Ասատրյանի դեմ ծրագրված սպանության փորձի համար»: