Արդյունավետ կլինի հայ-ռուսական համատեղ արտադրությունների հիմնումը եւ արտահանումը. Նիկիտին
Արդյունավետ կլինի հայ-ռուսական համատեղ արտադրությունների հիմնումը եւ արտահանումը երրորդ երկրներ: Այս մասին, սեպտեմբերի 7-ին, ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանի հետ Երեւանում կայացած հանդիպման ժամանակ նշել է ՌԴ արդյունաբերության եւ առեւտրի նախարարի առաջին տեղակալ Գլեբ Նիկիտինը:
Նախարարությունից հայտնում են, որ Սուրեն Կարայանը եւ Գլեբ Նիկիտինը քննարկել են երկու երկրների արդյունաբերության ոլորտում համագործակցության հեռանկարները։
ՌԴ արդյունաբերության եւ առեւտրի նախարարի առաջին տեղակալ Գլեբ Նիկիտինն ընդգծել է, որ հայկական կողմի հետ համագործակցությունն իրենց առաջնահերթ ուղղություններից է։
Կողմերն անդրադարձել են գյուղտեխնիկայի ապահովման հարցում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին։
Նախարար Կարայանը նշել է, որ մեծ է համագործակցության ներուժը հատկապես ռադիոէլեկտրոնիկայի ոլորտում, եւ անհրաժեշտ է այս ուղղությամբ քայլեր ձեռնարկել։
Սուրեն Կարայանը եւ Գլեբ Նիկիտինը քննարկել են թեթեւ արդյունաբերության ոլորտի համագործակցությունը։ Գլեբ Նիկիտինը նշել է, որ այս ոլորտում արդյունավետ կլինի համատեղ արտադրությունների հիմնումը եւ արտահանումը երրորդ երկրներ։ Կողմերը պայմանավորվել են թեթեւ արդյունաբերության ոլորտի երկու երկրների գործարարների երկխոսության համար հարթակ ստեղծել՝ քննարկելու համատեղ գործունեության հնարավորությունները գործնական մակարդակում։
Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարը ներկայացրել է նաեւ արդյունաբերողներին առաջարկվող լայն հնարավորությունները՝ ստեղծվող «Մեղրի» ազատ տնտեսական գոտում։
Նախարարը եւ ՌԴ նախարարի առաջին տեղակալն ընդգծել են դեպի երրորդ երկրներ ընդհանուր արտահանման կարեւորությունը։
Հանդիպման ընթացքում Սուրեն Կարայանը, Գլեբ Նիկիտինը եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը քննարկել են նաեւ հոկտեմբերին Երեւանում կայանալիք Եվրասիական գործընկերության միջազգային երկրորդ համաժողովի կազմակերպմանն ու անցկացմանն առնչվող հարցեր, հստակեցվել է համաժողովի օրակարգը։