VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախորդ խորհրդարանում տևական քննարկումներից հետո ընդունված ՀՀ ընտրական օրենսգիրքը չի բավարարում իշխանություններին, և, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ձեռնամուխ է եղել սահմանադրական այդ օրենքում փոփոխություններ կատարելուն: Բանն այն է, որ ըստ գործող ԸՕ-ի՝ ռեյտինգային ընտրակարգով ընտրված պատգամավորը եթե վայր դնի մանդատը, նրա փոխարեն խորհրդարան պետք է գա հաջորդ՝ առավել շատ ձայներ ստացած թեկնածուն: Բայց այս դեպքում կարող է պատգամավորի մանդատ ստանան ձևական առաջադրվածները, որոնց թվում կան անգամ գյուղապետեր: Ու սա այնքան էլ ՀՀԿ սրտով չի լինի: Եվ հիմա իշխանական կուլիսներում որոշվել է փոխել Ընտրական օրենսգիրքը և դրույթ սահմանել, ըստ որի՝ ռեյտինգային ընտրակարգով ընտրված պատգամավորի՝ մանդատը վայր դնելու դեպքում թափուր տեղը լրացվի համամասնական ընտրացուցակից: Մեր տեղեկություններով՝ իշխանությունները ցանկանում են, որ այդ փոփոխություններն ազդեն այս խորհրդարանի վրա ևս, ուստի փորձելու են հարցն անցկացնել մինչև տարեվերջ»:
«Իրատես» թերթը գրում է.«Ասում են, թե Հայաստանում ռուսական քարոզչամեքենան վերջին օրերին հոգ է տանում, որ հանրային լայն տարածում ստանա այն մտայնությունը, թե Կարեն Կարապետյանը հարյուր տոկոսով մնում է. նա է այն վարչապետը, որի «քուղերը կկապի» ՀՀԿ-ն 2018-ին, իսկ Սերժ Սարգսյանը կնստի կուսակցության գրասենյակում եւ Բիձինա Իվանիշվիլու նման կղեկավարի երկիրը: Եվ սա չնայած այն հանգամանքին, որ ո՛չ ՀՀԿ-ն եւ ո՛չ էլ Սերժ Սարգսյանը միանշանակ եւ վերջնական չեն հայտնել իրենց տեսակետն այդ առնչությամբ: Ասում են նաեւ, որ այդ քարոզչամեքենայի առջեւ խնդիր է դրված մի կողմից՝ հասարակական կարծիք ձեւավորել ընդդեմ նոյեմբերին ԵՄ-ի հետ ստորագրվելիք համաձայնագրի, մյուս կողմից` հասկացնել հայաստանյան իշխանություններին, որ լուրջ խնդիրներ կունենան, եթե նման եւ մնացյալ հարցերում Ռուսաստանի գերակա շահն անտեսեն»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզան Մուրադյանը հայտնվել է ուշագրավ պատմության կիզակետում. «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան, որ Ռուզաննա Մուրադյանն իրեն պատկանող հ/կ-ի միջոցով ձեռնարկ է տպագրել այն մասին, թե ինչպես դպրոցականները պետք է հանդուրժողականություն ցուցաբերեն սեռական փոքրամասնությունների նկատմամբ: Նա նախատեսել է ձեռնարկները բաշխել դպրոցներին, բայց գործընթացը կասեցվել է: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երբ ՎՊ-ն սկսել է ուսումնասիրել կրթության եւ գիտության նախարարության ֆինանսական գործունեությունը, այդ ժամանակ բացահայտվել է, թե ինչ դրամաշնորհներ են տրվել կազմակերպություններին, այդ թվում՝ ՀՀԿ-ական պատգամավորի հ/կ-ին: Եվ, ընդհանրապես, նրա «Դպրոց-կենտրոններ միավորում» և «Կրթություն առանց սահմանի» հ/կ-ներն այս տարիներին ահռելի չափերի դրամաշնորհներ ու ֆինանսական աջակցություններ են ստացել ԿԳՆ-ից, նախագահի աշխատակազմից, երիտասարդական հիմնադրամից և այլն»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, մեր տեղեկություններով, բավականին լուրջ բիզնես պլաններ ունի, վերջերս խոշոր ներդրում է կատարել Արմավիրի մարզի «Վաղարշապատ» գինու գործարանում: Այս գործարանը պատկանում է գեներալ Սեյրան Սարոյանին, սակայն տևական ժամանակ գրեթե պարապուրդի էր մատնված, հիմա էլ աշխատում է փոքր ծավալներով։ Գործարանը Խաչատրյան ընտանիքն այժմ իր ձեռքն է վերցրել և մտադիր է մեծամասշտաբ արտադրություն կազմակերպել։ Հիշեցնենք, որ Սուրիկ Խաչատրյանի ու Սարոյանի միջև քավոր-սանիկական կապ կա։ Ի դեպ, գեներալի 50-ամյակին հյուրերի համար գործարանից բավական մեծ քանակով հատուկ մշակված խմիչք է բերվել»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի կազմակերպչական-զորահավաքային վարչության պետ Կամո Քոչունցը թվով հինգ անշարժ գույք ունի, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից։ Քոչունցը հայտարարագրել է մեկ բնակարան, երեք հողամաս և մեկ այգետնակ։ Պաշտոնը ստանձնելու օրվա՝ հուլիսի 1–ի դրությամբ նա ունեցել է 2 միլիոն 500 հազար դրամ գումար, իսկ եկամուտներն էլ կազմել են 3 միլիոն 240 հազար դրամ և ստացվել նախկին աշխատավարձից։ Նշենք, որ այս պաշտոնում Քոչունցը վերանշանակվել է։ Նա այս պաշտոնն է զբաղեցնում 2013թ.-ից, իսկ մինչ այդ էլ զբաղեցնում էր ՊՆ հինգերորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնը»։
«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի ՀՀԿ-ական պատգամավորներ Արտակ Սարգսյանը (ՍԱՍ-ի Արտակ) և Արկադի Համբարձումյանը (Դերժավայի Արկադ) սպառնացել են «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին: Վերջինս օրեր առաջ ԱԺ-ում հայտարարել էր, որ ՀՀԿ-ական պատգամավորներ Արտակ Սարգսյանը, Արայիկ Գրիգորյանը և Արկադի Համբարձումյանը հանձնաժողովի աշխատանքներից պարբերաբար և անհարգելի բացակայելու համար կզրկվեն աշխատավարձի որոշ մասից: Դրան էլ հաջորդել էին ԲՀԿ-ական տիկնոջն ուղղված սպառնալիքները: Զոհրաբյանը, սակայն, մեզ հետ զրույցում հերքեց տեղեկությունը՝ հայտարարելով, որ իրեն ոչ ոք չի կարող սպառնալ: «Դա անհեթեթություն է: Երբեմն նման անհեթեթ լուրեր ինձ էլ են հասնում, բայց սա դեռ չէր հասել»,- ասաց տիկին Զոհրաբյանը և լիաթոք ծիծաղեց»: