Կհետաքրքրե՞ն լեհական զինատեսակները Հայաստանին. փոխնախարարը Վարշավայում է
Սեպտեմբերի 3-ից 6-ը Լեհաստանում էր գտնվում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանի գլխավորած պատվիրակությունը:
Լեհաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Բարտոշ Չիխորսկու եւ պաշտպանության նախարարի տեղակալ Բարտոշ Կովնացկու հետ հանդիպումների ընթացքում, որոնց մասնակցել է նաեւ Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, քննարկվել են ռազմատեխնիկական բնագավառում հայ-լեհական համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգության խնդիրներ: Կողմերը բարձր են գնահատել ռազմատեխնիկական համագործակցության մակարդակը եւ նշել, որ այն ամուր հիմք է հանդիսանում նոր ծրագրերի եւ նախագծերի քննարկման համար:
Լեհաստանի արտգործնախարարությունում կայացած հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ ղարաբաղյան հիմնախնդրին. լեհական կողմը վերահաստատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խնդրի բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ իր դիրքորոշումը: Դավիթ Փախչանյանն իր հերթին կարեւորել է այդ ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործադրած ջանքերը:
Լեհաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Բարտոշ Կովնացկու հետ հանդիպման ընթացքում վերջինս շնորհակալություն է հայտնել հայկական կողմին հրավերին արձագանքելու եւ Կիելցեում կազմակերպված ռազմարդյունաբերական հեղինակավոր ցուցահանդեսին մասնակցելու համար: Բարտոշ Կովնացկին կարեւորել է երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների միջեւ արդյունավետ համագործակցությունը եւ հույս հայտնել, որ լեհական արտադրության զինատեսակները եւ ռազմական տեխնոլոգիաները կհետաքրքրեն հայկական կողմին ու կբացեն համագործակցության նոր հեռանկարներ: Դավիթ Փախչանյանն իր հերթին ոլորտի լեհական ընկերություններին հրավիրել է մասնակցելու առաջիկայում Երեւանում կայանալիք նույնաբնույթ ցուցահանդեսին:
Մասնակցելով Կիելցեի ռազմարդյունաբերական 25-րդ միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը, Դավիթ Փախչանյանը նաեւ աշխատանքային հանդիպումներ է ունեցել տարբեր ընկերությունների ղեկավարների եւ ներկայացուցիչների հետ: