26.11.2024
Բակո Սահակյանը պաշտոնապես ստանձնել է Արցախի նախագահի պաշտոնը
prev Նախորդ նորություն

«Ադրբեջանական լվացքատուն». Հունգարիան Ռամիլ Սաֆարովին «վաճառել» է Բաքվին 7 մլն դոլարով

Համաշխարհային մամուլի և «Կազմակերպված հանցավորության ու կոռուպցիայի հետաքննության նախագծի» կողմից գաղտնազերծված Ադրբեջանի կառավարող էլիտայի փողերի լվացման մասին պատմությունը նոր զարգացումներ է ստանում:


Հունգարական «Átlátszó» հետաքննական լրագրողական կազմակերպության «Ադրբեջանական լվացքատուն» գործի շրջանակում կատարված բացահայտումները լույս են սփռում շուրջ հինգ տարի առաջ Հունգարիայի և Ադրբեջանի իշխանությունների միջև կայացած գործարքի վրա, որի արդյունքում Բաքվին էր արտահանձնվել Հունգարիայում իր պատիժը կրող հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը:


Մասնավորապես, պարզ է դարձել, որ ճիշտ այդ գործարքի կայացման ժամանակահատվածում Ադրբեջանից 7 մլն ամերիկյան դոլար է փոխանցվել հունգարական MKB բանկում բացված հաշվին: Բացահայտված փաստաթղթերը ցույց են տալիս, որ այդ հաշվեհամարը պատկանել է Velasco International ընկերությանը, իսկ փոխանցումն էլ կատարվել է Metastar Invest LLP ընկերության կողմից, որը գաղտանզերծված փաստաթղթերում ադրբեջանական իշխանությունների կոռուպցիոն սխեմայում ներգրավված չորս ընկերություններից մեկն է:


Ավելին, բացահայտումները ցույց են տալիս, որ Velasco International ընկերությունն էլ լինելով օֆշորային ընկերություն, պատկանում է Ադրբեջանի փոխվարչապետ Յաքուբ Էյուբովի որդուն՝ Օրխան Էյուբովին:


Հունգարիայի այն ժամանակվա վարչապետ Օրբանի և Ադրբեջանի փոխվարչապետի միջև սերտ կապերի մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ Սաֆարովի արտահանձնումից շատ չանցած 2012 թվականի հունիսին Բաքու կատարած այցի ընթացքում Օրբանին դիմավորել է հենց Յաքուբ Էյուբովը:


«Átlátszó»-ի կողմից կատարված ծավալուն հետաքննությունը բազմաթիվ փաստեր է գաղտնազերծել, որոնք ուղղակիորեն ապացուցում են Էյոբովների կապը Velasco ընկերության, Հունգարիայում նրա ծավալած գործունեության, այդ երկրում կատարած մեծ ներդրումների հետ:


Velasco-ի՝ Ադրբեջանի իշխանությունների հետ ունեցած առնչությունների մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ այդ ընկերությանը 7 մլն դոլար փոխանցած Metastar Invest LLP ընկերությունը ներգրավված է նաև Ադրբեջանի հետ կապված մեկ այլ սկանդալային-կոռուպցիոն պատմության մեջ: Մասնավորապես, Metastar Invest-ը նույն այն ընկերությունն է, որը 2.4 մլն եվրո էր վճարել իտալացի պատգամավոր Լուկա Վոլոնտեին Եվրոպայի խորհրդում Իլհամ Ալիևի շահերը ներկայացնելու և Ադրբեջանի օգտին լոբբինգ անելու դիմաց:


Ավելին, գաղտնազերծված փաստաթղթերը ցույց են տալիս, որ Լուկա Վոլոնտեն նաև սերտ կապերի մեջ է եղել Վիկտոր Օրբանի հետ, վերջինիս օգնել է ԵԽ-ում լոբբինգ անել այն ժամանակ հունգարական սահմանադրական խնդրահարույց փոփոխությունների անհրաժեշտության հարցը հիմնավորելու գործում:


Վերոբերյալ փաստերն ուղղակիորեն ցույց են տալիս, որ տարիներ առաջ մարդասպան Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու հունգարական իշխանությունների քայլը արժեցել է 7 մլն ամերիկյան դոլար: Ինչպես հունգարական «The Budapest Beacon» պարբերականն է նշում՝ «ծանր հանցագործություն կատարածին արտահանձնելու հունգարական կողմի իրական նպատակն արդեն հայտնի է»: