Ռուսաստանի ՏուրՍտատ գործակալությունը վերլուծել է 2017թվականի առաջին վեց ամիսներին Ռուսաստանից արտագնա տուրիզմի վիճակագրությունը և ըստ այդմ բացահայտել ամենապոպուլյար ուղղությունները:
Համաձայն այդ ռեյտինգի, ՌԴ-ից ԱՊՀ և նախկին ԽՍՀՄ երկրներ արտագնա տուրիզմը հունվարի 1-ից հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում զգալիորեն աճել է, մասնավորապես, դեպի Ադրբեջան (325 հազ., +22%), Վրաստան (383 հազ., +29%), Հայաստան (171 հազ., +37%) և Մոլդովա (116 հազ., +26%):
Ռուս զբոսաշրջիկների նախընտրած ուղղությունների թոփ-տասնյակում են Աբխազիան, Թուրքիան, Ֆինլանդիան, Ղազախստանը, Ուկրաինան, Չինաստանը, Էստոնիան, Լեհաստանը, Թաիլանդը և Գերմանիան:
Ավելի վաղ ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեից VERELQ-ի հարցմանն ի պատասխան հայտնել էին, որ տարեց տարի Ռուսաստանից Հայաստան այցելությունների թիվն ավելանում է: Այդպես, 2012 թվականին ՀՀ սահմանային անցման կետերով Հայաստան է ժամանել 350.614, 2013 թվականին՝ 397.628, 2014 թվականին՝ 469.407, 2015 թվականին՝ 443.020, 2016 թվականին՝ 453.572 ռուս զբոսաշրջիկ:
2017 թվականի առաջին վեց ամիսներին ՌԴ-ից Հայաստան արդեն ժամանել է 240.946 մարդ, մինչդեռ 2016 թվականի նույն ժամանակահատվածում այցելուների թիվը կազմել է 180.258 մարդ: Աճը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ ընթացիկ տարվա փետրվաի 23-ից ՌԴ քաղաքացիները Հայաստան կարող են այցելել նաև ներքին անձնագրերով:
Հաշվի առնելով ՌԴ-ից Հայաստան աճի տեմպերը 2017 թվականին տարվա կտրվածքով կանխատեսվում է ՌԴ-ից այցելությունների շուրջ 30 –40 % աճ նախորդ տարվա համեմատ: