1991 թվականի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հռչակեց անկախություն:
«Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» հռչակագիրն ընդունվեց Ստեփանակերտում տեղի ունեցած պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջանում. այն ԼՂՀ հռչակման և նրա պետական իշխանության ու կառավարման ժամանակավոր մարմինների ձևավորման մասին փաստաթուղթ է։
Նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ հանրաքվե, որը հաստատեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այդ օրը ԼՂՀ բնակչության 80%-ը մասնակցեց հանրաքվեին, որոնց 99%-ից ավելին քվեարկեց անկախության օգտին։
1987 թ. վերջերից սկիզբ էր առել արցախահայության ազատագրական պայքարի արդի փուլը։ 1988 թ. փետրվարի 20-ին ԼՂԻՄ-ի ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշում է ընդունում ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմից դուրս բերելու և ՀԽՍՀ-ին վերամիավորելու հարցով Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդների առջև միջնորդելու մասին։ Ղարաբաղյան շարժումը ՀԽՍՀ-ում և ԼՂԻՄ-ում կազմակերպելու նպատակով 1988 թ. փետրվարին Ստեփանակերտում ստեղծվում է «Կռունկ», իսկ Երևանում՝ «Ղարաբաղ» կոմիտեները:
ԼՂԻՄ-ը ՀԽՍՀ-ին վերամիավորելու արդար պահանջին Ադրբեջանի ղեկավարությունը (ԽՍՀՄ բարձրագույն իշխանությունների համաձայնությամբ) պատասխանեց բռնություններով։ 1988 թ. նոյեմբերի վերջին Կիրովաբադից (այժմ՝ Գանձակ), Բաքվից, Շամքորից, Խանլարից, Դաշքեսանից և հայաշատ այլ վայրերից հայ բնակչությունը զանգվածաբար արտաքսվեց։ Հայերի բռնագաղթը հաճախ ուղեկցվում էր ջարդերով և սպանություններով։
Հաշվի առնելով ստեղծված բարդ իրավիճակը՝ 1989 թ. հունվարի 20-ին ԼՂԻՄ-ում ստեղծվեց (անմիջականորեն Մոսկվային ենթակա) Հատուկ կառավարման կոմիտե՝ Վոլսկու ղեկավարությամբ, սակայն Ադրբեջանի սադրանքների հետևանքով այն չկարողացավ կատարել իր առաքելությունը։ Արցախահայությունն իր ճակատագիրը տնօրինելու նպատակով 1989 թ. օգոստոսի 16-ին ստեղծեց բարձրագույն կառավարման մարմին՝ Ազգային խորհուրդ: 1989 թ. հուլիսի 26-ին շրջխորհրդի արտահերթ նստաշրջանը որոշում ընդունեց շրջանը ԼՂԻՄ-ին վերամիավորելու մասին։
ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը 1989 թ. դեկտեմբերի 1-ին համատեղ որոշում ընդունեցին ՀԽՍՀ-ին Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին։ Հակահայկական մոլուցքով տարված Ադրբեջանի իշխանությունները 1990 թ. հունվարի 13-ին Բաքվում հրահրեցին հայ բնակչության նոր ջարդեր, եռանդուն կերպով սկսեցին ադրբեջանցիների նորանոր խմբեր վերաբնակեցնել ԼՂԻՄ տարածքում։ Այս գործընթացն ուղեկցվում էր հայ բնակչության նոր կոտորածներով և բռնագաղթով։ Ինքնապաշտպանության մղումով ստեղծվեցին հայ աշխարհազորայինների առաջին խմբերն ու ջոկատները, որոնք Շահումյանում, Գետաշենում և Լեռնային Ղարաբաղի այլ շրջաններում արժանի հակահարված տվեցին թշնամուն։
1991-ին թեժ մարտեր ծավալվեցին, հատկապես Գետաշեն և Մարտունաշեն գյուղերի տարածքներում, որոնք ամբողջությամբ հայաթափվեցին՝ վերաբնակեցվելով ադրբեջանցիներով։ 1991 թ. հունիսին հիմնահատակ կործանվեցին Մարտակերտի և Հադրութի շրջանի 20-ից ավելի հայկական գյուղեր, սպանվեցին հարյուրավոր մարդիկ, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի քաղաքներից ու գյուղերից շուրջ 450 հազար հայեր դարձան փախստականներ, պատանդ վերցվեց ավելի քան 700 մարդ, որոնցից շատերի ճակատագրերը այսօր հայտնի չեն։
Նման պայմաններում՝ հաշվի առնելով ինչպես ԽՍՀՄ ղեկավարության կոշտ դիրքորոշումը, այնպես էլ Արցախի միացումը Հայաստանի Հանրապետությանը, միջազգային որոշ կազմակերպությունների կողմից Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնություններ դիտելու հավանականությունը, ինչպես նաև այն փաստը, որ Ադրբեջանը 1991 թ. օգոստոսի 30-ին հայտարարել է իր անկախության մասին՝ ԼՂԻՄ-ի իշխանությունները ընտրեցին այլընտրանքային տարբերակ. 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հռչակեց անկախություն: