Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են կիբերանվտանգության ոլորտում կատարվող աշխատանքները
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն օգոստոսի 30-ին ընդունեց Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:
Ողջունելով հյուրին` նախարարը շնորհակալություն հայտնեց համագործակցության համար: «Ուրախ եմ ողջունելու Ձեզ մեր նախարարությունում: Հայ-ամերիկյան գործակցության բավական հաջող փորձ ունենք հատկապես ՏՏ ոլորտում, ուրախալի է տեսնել ամերիկյան մեծ ու փոքր ընկերությունների ներկայացուցչությունները Հայաստանում, ինչպես նաև հայկական ընկերությունների հաջողությունները ամերիկյան շուկայում: Համոզված եմ, որ այս ոլորտում երկկողմ փոխգործակցությունը շարունակվելու է և ավելի է ամրապնդվելու»,- նշեց Վահան Մարտիրոսյանը:
Նախարարը նաև հույս հայտնեց` Հայաստանում ապագայում տեսնել նաև ամերիկյան ընկերությունների գիտահետազոտական լաբորատորիաներ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին կիբերանվտանգության ոլորտում երկու երկրներում կատարվող աշխատանքները, Հայաստանի կիբերանվտանգության ռազմավարության մշակման ընթացքում ամերիկյան փորձի ներդրման հնարավորությունները:
«Մենք ամուր երկկողմ հարաբերություններ ունենք այնպիսի ոլորտում, ինչպիսիք են հաղորդակցությունը, տեղեկատվական տեխնոլոգիաներն ու տրանսպորտը: Մշտապես ուրախալի է տեսնել Հայաստանի ՏՏ ոլորտի կայուն զարգացումը: Հուսով եմ, որ դեսպանատան թիմն ու ձեր անձնակազմը կշարունակեն համատեղ աշխատել` առավել զարգացնելու այս ոլորտները: Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել Ձեզ Հայաստանում իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերի թափանցիկությունն ու հաշվետվողականությունն ընդլայնելու հարցում Ձեր շարունակական աջակցության համար»,- ասաց Ռիչարդ Միլսը:
Երկկողմ հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև նախարարության գործունեության մյուս ոլորտներին առնչվող մի շարք այլ հարցեր: