Զինամթերքի պահստ, հագուստի շուկա ու քիմգործարան. Հարավային Կովկասը՝ հրդեհի ճիրաններում
Թբիլիսիում Իսանի հագուստի տոնավաճառում խոշոր հրդեհ է բռնկվել։ Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը գիշերվա ընթացքում այն մարել է ավելի քան 20 մարտական հաշվարկ։
Նախնական տեղեկության համաձայն՝ կրակը տարածվել է 1200 քմ-ի վրա, ամբողջովին այրվել է 15 առևտրային օբյեկտ։ Տուժածներ չկան։
Վերջին մի քանի ամիսների ընթացքում սա արդեն երրորդ խոշոր հրդեհն է Թբիլիսիի առևտրային օբյեկտներում։ Ավելի վաղ ամբողջովին այրվել է 4-հարկանի «Մանկան աշխարհ» առևտրային կենտրոնը, «Էլիավա» շուկայի մի մասը։
Հիշեցնենք նաև օգոստոսի 19-ի լուսադեմին այրվել էր Թբիլիսիի Իսանի թաղամասում գտնվող ավտոպահեստամասերի շուկան, հրդեհն ամբողջությամբ ոչնչացրել է 15 տաղավար:
Հատկանշական է, որ նախօրեին Ադրբեջանում հրդեհվել էր զինամթերքի ռազմավարական պահեստը, որտեղ նաև մեծ պայթյուն էր որոտացել: Այսօր՝ օգոստոսի 28-ին, խոշոր հրդեհ է բռնկվել նաև «Նաիրիտ» քիմիական գործարանի տարածքում: