Ձեր բյուջեները լավը չեն. Վարչապետը «թիրախավորել» է Գեղարքունիքի մարզի համայնքապետերին
Վարչապետ Կարեն Կարապետյանը օգոստոսի 25-ին Գեղարքունիքի մարզի համայնքապետերի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ տարվա ընթացքում ամենավատ ցուցանիշը եղել է այդ մարզի համայնքապետերի աշխատանքը: Վարչապետն անդրադարձել է համայնքների բյուջեի ձեւավորմանը եւ նշել, որ Հայաստանում ամենավատ եկամուտները Գեղարքունիքի մարզում է եղել:
«Մենք այս տարի մեր պարտավորությունները մինչեւ վերջ կատարելու ենք, բայց հատուկ նշելու ենք մեր համայնքապետերին, որոնք իրենց պարտավորությունները չեն կատարում: 2018թ. ֆինանսավորման խաղի կանոնների մեջ մտադրված ենք նշել հետեւյալը՝ նախ 2018թ. բյուջեի պլանավորումը շատ կոշտ կանտրոլի տակ ենք դնելու, որովհետեւ մենք ուզում ենք հավասար գործընկերային հարաբերություններ:
Մենք հարգում ենք մեր համայնքապետերի իրավունքները, որ իրենք ընտրված ղեկավարներն են այդ համայնքների: Բայց դա չի նշանակում, որ իրենք իրենց համայնքում մի ռեժիմով պետք է ապրեն, մենք՝ այլ ռեժիմով: Այս մասով ֆիքսում ենք, որ ձեր բյուջեները մի բառով լավը չեն, ավելին՝ շատ վատն են, ավելին՝ ավելի վատն են: Երկրում ամենավատ սեփական եկամուտները Գեղարքունիքի մարզում է»,-ասել է նա:
Գեղարքունիքի մասնաբաժինը հանրապետության ընդհանուր ՀՆԱ-ում կազմում է 5 տոկոս, մեկ շնչին բաժին հասնող համախառն ներքին արդյունքը 1մլն 64 հազ․ 900 դրամ է։ Արդյունաբերական արտադրանքի ծավալը 2016թ.-ին կազմել է 31 մլրդ 728 մլն 800 հազ․ դրամ, մեկ շնչի հաշվարկով՝ 136 հազ․ 900 դրամ։ Արդյունաբերության հիմնական ուղղությունը հանքագործական արդյունաբերությունն է:
Մարզի զարգացման գերակա ուղղություններից է գյուղատնտեսությունը: 2016-ին մարզի համախառն գյուղատնտեսական արտադրանքի ծավալը կազմել է 153 մլրդ դրամ, որից մեկ շնչին բաժին է հասնում շուրջ 660 հազ․100 դրամ։ Մարզի 91 համայնքում սեփական եկամուտների հավաքագրման մակարդակը 7 ամսվա կտրվածով կազմում է 88 տոկոս, իսկ տարվա պլանի նկատմամբ՝ 44.7 տոկոս: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած կատարողականն ավել է 12.8 տոկոսով: