26.11.2024
Հոգլանդի հայտարարության հետքերով. Մամեդյարովը հիշել է հիմնարար բանակցությունների մասին
prev Նախորդ նորություն

Խաղաղապահների խնդիրը. Ո՞ր երկրների զինվորականները կարող են հայտնվել Ղարաբաղում

ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցություններում ու աշխատանքներում այս պահին չի քննարկվում խաղաղապահների տեղակայման հարցը: Այս մասին Վաշինգտոնի արտերկրյա լրագրողների մամուլի ակումբում անցած հանդիպմանը հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը:


Քննարկման ընթացքում ամերիկացի համանախագահին, որն օգոստոսի 28-ին կավարտի իր առաքելությունն ու նրան կփոխարինի դիվանագետ Էնդրյու Շեֆերին, հարց է ուղղվել ԼՂ հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի հնարավոր տեղակայման խնդրի մասին: Խաղաղապահների տեղակայումը արցախյան հիմնանդրի կարգավորման հիմքում ընկած Մադրիդյան վեց սկզբունքներից մեկն է: Սրա մասին են վկայում նաև վերջերս Ռիչարդ Հոգլանդի հրապարակած ԼՂ հակամարտության կարգավորման հիմնական կետերը:


«Կարգավորումը պետք է իր մեջ ներառի անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն խաղաղարար միջոցառումներ: Գոյություն չունի սցենար, որում խաղաղությունը կարող է ապահովված լինել առանց լավ նախապատրաստված խաղաղ գործողությունների, որոնք վայելում են բոլոր կողմերի վստահությունը», - հայտնել էր ամերիկացի համանախագահը:


Տվյալ դեպքում լրագրողի հարցը վերաբերում էր այն հանգամանքին, թե հնարավո՞ր է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները որոշեն, «ջենտլմենական պայմանագիր» կնքեն, որ խաղաղապահ ուժերը չեն լինելու համանախագահ որեւէ երկրից (ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա): Ավելին, լրագրողը հետաքրքրվել էր՝ ո՞վ կարող է խաղաղապահ առաքելություն իրականացնել, հաշվի առնելով տարբեր երկրների բախվող շահերը:


«Տեղյակ եմ, որ անցյալում որոշ քննարկումներ այս հարցի շուրջ տեղի են ունեցել: Դուք օգտագործեցիք «ջենտլմենական պայմանագիր» եզրը, այդ սահմանումն օգտագործվել է նախկինում: Հենց այս պահին համանախագահներով մենք ակտիվորեն չենք քննարկում խաղաղապահ ուժերի կազմը: Այդ հարցը իրականում դեռեւս չի ծառացել այն ժամանակահատվածում, երբ ես աշխատել եմ իմ լավ գործընկերներ դեսպան Պոպովի եւ դեսպան Վիսքոնթիի հետ», - ասել է Հոգլանդը:


Նա գրեթե հասկացրել է, որ այժմ չեն քննարկում խաղաղապահների հարցը, քանի որ խնդրի կարգավորումը շատ հեռու է այդ հանգրվանից: Ավելի քան մեկ տարի առաջ ԼՂ հակամարտության գոտում սկսվեցին կատաղի ռազմական բախումներ, որը հանգեցրեց բազմաթիվ զոհերի երկու կողմերից: Այժմ էլ հակամարտության գոտում հրադադարի ռեժիմն ավելի շատ խախտվում, քան պահպանվում է՝ հանգեցնելով երբեմն մարդկային զոհերի զինվորականության ու խաղաղ բնակչության շրջանում:


«ԵԱՀԿ-ում կա բաժին, որը կոչվում է Բարձրաստիճան պլանավորման խումբ, դա փոքր գրասենյակ է, սակայն այն պատրաստվում է այն օրվան, երբ կլինի համաձայնագիր, կլինի կարգավորում եւ խաղաղապահների կարիք կլինի: Որտեղի՞ց են գալու խաղաղապահները, այս հարցի շուրջ վերջին ժամանակներում քննարկում անշուշտ չի եղել եւ անշուշտ որեւէ որոշում այս հարցի շուրջ այս պահին չկա», - ասել է Հոգլանդը:


ՄԱԿ-ում իր ընկերներից Հոգլանդը նաեւ տեղեկացել է, որ խոսքը քաղաքական բաժնի մասին է, որը ուշադիր հետեւում է այս հարցին: Նա վստահեցրել է, որ խաղաղապահների հարցում ՄԱԿ-ը պատրաստ է աջակցություն ցուցաբերել, եթե լինի համապատասխան դիմում: «Այնպես որ, կարծում եմ, գոյություն ունեն բազմաթիվ հնարավորություններ, սակայն անշուշտ, որոշումներ կայացված չեն», - ընդգծել է նա:


Թեպետ խաղաղապահների հարցը ԼՂ հիմնախնդրի կարգավորման համատեքստում հրատապ չէ, քանի որ հակամարտության գոտում իրավիճակն ավելի շատ սողացող պատերազմ է հիշեցնում, սակայն այս խնդրում բացի համանախագահող երկրներից ու հակամարտության անմիջական կողմերից, չի կարելի հաշվի չառնել եւս մեկ կարևոր հանգամանք: Դա Իրանի դիրքորոշումն է:


Թեհրանը, ունենալով անմիջական սահմանի Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի հետ ու ներգրավված չլինելով հակամարտության անմիջական կարգավորման գործընթացում, կտրականապես դեմ է արտահայտում հակամարտության գոտում արտարածաշարջանային ուժերի տեղակայմանը: