26.11.2024
«Եվրասիական շաբաթ» համաժողովը հաջորդ տարի կանցկացվի Երևանում
prev Նախորդ նորություն

Հոգլանդի հայտարարության հետքերով. Մամեդյարովը հիշել է հիմնարար բանակցությունների մասին

Եթե հայկական կողմըն ընդունի, որ Մադրիդյան նորացված սկզբունքները բանակցույթունների հիմք են, ապա պետք է ԼՂ հիմնախնդրի կարգավորման շուրջ հմնարար բանակցություններ վարել: Այս մասին АзерТадж-ի հաղորդմամբ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:


Նրա խոսքով, Ադրբեջանը կողմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված առաջարկությունների փաթեթի վերաբերյալ սուբստանտիվ բանակցություններ սկսելուն:


«ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների ղեկավարների հայտարարությունում արտացոլված են Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա հակամարտության փուլային կարգավորման հիմնական տարրերը: Եվ այս տարրերը կազմում են Մադրիդյան նորացված սկզբունքների հիմնարար հիմքը: Այս սկզբունքները ևս մեկ անգամ ընդգծվել են ԱՄՆ-ի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի կողմից: Այս սկզբունքների հետևողական իրականացման առաջին քայլը համարվում է օկուպացված տարածքներից հայկական զորքերի դուրսբերումը: Օկուպացման փաստը վերացնելու համար հարկավոր է վերադարձնել ներքին տեղահանվածներին իրենց հայրենի հողեր և համապատասխան անվտանգության միջոցներ ձեռնարկել: Պետք է նաև նշել, որ Հայաստանը չի կատարում հակամարտության վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևերի պահանջները»,- մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հայտարարությունը՝ ասել է Մամեդյարովը:


Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը նշել է՝ եթե հայկական կողմն ընդունի, որ այս սկզբունքները հին չեն, և ընդունի դրանք, ապա անհրաժեշտ է սկսել մանրամասները քննարկելու վերաբերյալ սուբստանտիվ բանակցություններ: «Հայ ժողովուրդը կկարողանա օգտվել համագործակցության հնարավորություններից, որը կարող է հայտնվել հակամարտության կարգավորման հետ կապված»,- ասել է նախարարը:


Ավելի վաղ, որ Ռիչարդ Հոգլանդը ներկայացրել էր ԼՂ հակամարտության կարգավորման 6 հիմնական կետերը, ըստ որոնց՝ Ղարաբաղին պետք է միջանկյալ կարգավիճակ տրվի, որն առնվազն ապահովելու է նրա անվտանգության և ինքնավարության երաշխիքները: Բացի այդ՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ «գրավված» տարածքների նկատմամբ վերականգնվելու է Ադրբեջանի ինքնիշխանությունը և Արցախը ցամաքային միջանցքով կապվելու է Հայաստանի հետ:


Ռիչարդ Հոգլանդի ներկայացրած վեց կետերում նաև նշված է՝ հարատև կարգավորումը պետք է ճանաչի բոլոր տեղահանված անձանց և փախստականների իրավունքը՝ վերադառնալ բնակության նախկին վայր: Կարգավորումը պետք է իր մեջ ներառի անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն խաղաղարար միջոցառումներ: «Գոյություն չունի սցենար, որում խաղաղությունը կարող է ապահովված լինել առանց լավ նախապատրաստված խաղաղ գործողությունների, որոնք վայելում են բոլոր կողմերի վստահությունը»,- ասել է ամերիկացի համանախագահը։


Այս հայտարարության հրապարակումից հետո Հայաստանի ԱԳՆ-ն այն մեկնաբանեց մեկ նախադասությամբ. «Ոչ մի նոր բան չի ասել»: Նման հայտարարությամբ հանդես եկավ ԱԳՆ խոսնակ Տիրգրան Բալայանը, իսկ այնուհետև այդ միտքը մի փոքր ընդարձակ ներկայացրեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:


Հատկանշական է սակայն, որ ժամեր անց Նալբանդյանը հայտարարեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի համանախագահ դեսպան Հոգլանդն իր հրապարակած կետերում թույլ է տվել որոշ անճշտություններ ու բացթողումներ՝ չմանրամասնելով, սակայն թե ինչ ի նկատի ունի: