ԱՄՆ ներկա վարչակազմը ԼՂ հարցում նոր մոտեցում չունի. ո՞վ է ՄԽ ամերիկացի նոր համանախագահը
ԵԱՀԿ Մինսկի խմբի ժամանակավոր համանախագահ Ռիչարդ Հոգլանդը օգոստոսի 28-ին ավարտում է իր աշխատանքը՝ զիջելով պաշտոնը նոր, արդեն մշտական համանախագահ Էնդրյու Շեֆերին, հաղորդում է Ամերիկայի ձայնը:
Նոր համանախագահը, Ռիչարդ Հոգլանդի խոսքով, շատ փորձառու բարձրաստիճան ամերիկյան դիվանագետ է, ով վերջերս ծառայել է որպես Միջազգային կազմակերպություններում Միացյալ Նահանգների առաքելության գործերի ժամանակավոր հավատարմատար. «Նա ունի իրական փորձ Կիպրոսի եւ այլ հակամարտությունների կարգավորման գործում, կարծում եմ, Պետքարտուղարությունը եւ պետքարտուղարը ընտրել են փայլուն համանախագահ»:
Նոր համանախագահն այժմ տիրապետում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հետ կապված ամբողջական տեղեկատվությանը եւ պատրաստ է ստանձնել պարտականությունները, հեռանալուց առաջ նշել է դեսպան Հոգլանդը և հավելել, որ անկախ համանախագահի փոփոխությունից Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ամերիկյան մոտեցումներն անփոփոխ են. ամերիկյան ներկա վարչակազմը այս հարցում նոր մոտեցում չունի: