Վրաստանն ընդունել է հրդեհի մարման համար ՀՀ օգնությունը, բայց հրաժարվել ՌԴ օգնությունից
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն 8 հրշեջ մեքենա է ուղարկել Վրաստան` անտառային հրդեհի մարման աշխատանքներին մասնակցելու համար:
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին արդեն հայտարարել է, որ Հայաստանը հրշեջ մեքենաներ է տրամադրել երկրում բռնկված անտառային հրդեհի մարման աշխատանքներին մասնակցելու համար: Գիորգի Կվիրիկաշվիլին հայտնել է, որ Հայաստանի հրշեջ-փրկարարական անձնակազմն արդեն ճանապարհին է:
Միևնույն ժամանակ Վրաստանի վարչապետը հաստատել է, որ Ռուսաստանի Դաշնությունը ևս առաջարկել է իր օգնությունը, սակայն այս պահին վրացական կողմն այն չի ընդունել.
«Մենք դիտարկում ենք օգնության բոլոր տարբերակները: Մեզ վրա մեծ պատասխանատվություն է դրված՝ պաշտպանել ազգաբնակչությանն աղետից: Որքանով ինձ հայտնի է, Ռուսաստանը հայտնել է պատրաստակամություն օգնել, պարզապես ներկայումս, առկա աջակցության պայմաններում, այն մեզ պետք չեկավ: Մենք կարող ենք հաղթահարել խնդիրը առկա ուժերով: Խառնաշփոթի համար որևէ հիմք չկա», - հայտարարել է Կվիրիկաշվիլին:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Բորժոմի անտառում (Սամցխե-Ջավախքի տարածաշրջան) հրդեհը մարելու համար Վրաստանի իշխանությունները դիմել են հարեւան բոլոր երկրների, ինչպես նաեւ ԵՄ-ի երկրների օգնությանը: