ԵԱՏՄ-ից դուրս գալն արհեստական օրակարգ է Հայաստանի քաղաքական կյանքի համար: Եվ մենք ﬔր գործընկերներին կոչ ենք անում խոսել ոչ թե զգացմունքային դաշտում կամ արտաքին քաղաքական ճաշակով, այլ փաստերով: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարեց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նա նշեց, որ ՀՀԿ-ն չի սատարում ՀՀ-ի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու գաղափարը, թեև, ավելացրեց Շարմազանովը, ինքը «Ելք» խմբակցության պաշտոնական տեսակետը չի լսել ու չի կարդացել:
«Ես չեմ լսել, չեմ կարդացել, որ «Ելք» դաշինքը, պատրաստվում է օրենսդրական նախաձեռնություն ներկայացնել: Դաշինքի առնվազն մեկ կուսակցություն ո՛չ նախընտրական, ո՛չ հետընտրական փուլում չի հայտնել այդ մասին: Դա ասվել է դաշինքի անդամ «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների առաջնորդների և ակտիվիստների մակարդակով, բայց Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից ես նման բան չեմ լսել»,- ասաց նա:
Էդուարդ Շարմազանովն ընդգծեց՝ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական ﬕությանն արդարացված է և արդյունավետ: Մատնացույց անելով Հայաստանի համար ԵԱՏՄ 180 միլիոնանոց շուկային, նա հետաքրքրվեց՝ եթե չմտնեինք ԵԱՏՄ, ՀՀ բանջարեղենը, լոլիկն ու վարունգը Փարիզո՞ւմ էին վաճառելո՞ւ, կոնյակը Ֆրանսիայում կամ Մեծ Բրիտանիայում էին վաճառելո՞ւ.
«ՀՀ-ի՝ ԵԱՏՄ ընտանիքի անդամ պետություն լինելու գաղափարին աջակցում են ոչ միայն քաղաքական ուժերն, այլև հասարակության ճնշող ﬔծամասնությունը: ԵԱՏՄ անդամ լինելը դեռ չի նշանակում, որ Հայաստանը չի կարող զարգացնել հարաբերություններն այլ երկրների և ﬕությունների, այդ թվում՝ Եվրամիության հետ»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է ՀՀ ԶՈւ մասնակցությանը Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին, որը առիթ հանդիսացավ, որպեսզի Ադրբեջանը հայտարարի, թե Հայաստանը ՌԴ-ից հեռանալու ճանապարհներ է որոնում, Շարմազանովն այդ ամենը բացատրեց ընդամենը քաղաքական խանդով.
«Ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Թուրքիան չէին մասնակցում այդ զորավարժություններին, հավանաբար, սա խանդ է առաջացրել ադրբեջանական կողմի մոտ: Եթե Ադրբեջանը կամ որոշ «փորձագետներ» մտահոգված են ՀՀ մասնակցությամբ, ապա խորհուրդ եմ տալիս մտահոգվել այն հարցով, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան, իր ամբողջ զինվորական ու տեխնիկական կազմով մխրճված է Ադրբեջանում ու կայացնում է նրանց բանակը: Զորավարժությանը մասնակցելը բխում է ՀՀ պետական շահից և սա շատ կարևոր գործընթաց է՝ հատկապես, որ զորավարժությունների նպատակն ավելի շատ հումանիտար էր: Վրաստանը մեր հարևան, բարեկամ երկիրն է, և աղետների դեպքում մենք անելիքներ ունենք»,-հավելեց Շարմազանովը: