Հայաստանը կդառնա էլեկտրաէներգիայի տարանցիկ երկիր Իրանի և Վրաստանի, նաև Ռուսաստանի հետ
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար, հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Աշոտ Մանուկյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) նախագահի խորհրդական և ԻԻՀ ազատ առևտրի գոտիների գերագույն խորհրդի քարտուղար Աքբար Թորքանի գլխավորած պատվիրակությանը:
Նախարարը հույս է հայտնել, որ հայ-իրանական հարաբերությունները կշարունակեն հաջողությամբ զարգանալ ու խորանալ: Զրուցակիցները քննարկել են էներգետիկ ոլորտում ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային համագործակցության հեռանկարները:
«Մենք շատ լավ համագործակցություն ունենք Հայաստանի հետ՝ գազի ու էլեկտրաէներգիայի ոլորտում և այն ընդլայնելու հնարավորություններ և ներուժ կան»,- ասել է Աքբար Թորքանը։
Աշոտ Մանուկյանը ներկայացրել է մինչև 2036 թ. Հայաստանի էներգետիկ ոլորտի զարգացման ռազմավարությունը՝ նշելով, որ այսօր ընթանում է Իրան-Հայաստան բարձրավոլտ երրորդ էլեկտրահաղորդման շինարարությունը: Դրա շնորհիվ Հայաստանից դեպի Իրան էլեկտրաէներգիայի արտահանման հնարավորությունը կհասնի 1050 ՄՎտ-ի։ Նախարարը կարևորել է նաև Հայաստան-Վրաստան նոր էլեկտրահաղորդման բարձրավոլտ գծի կառուցումը, որի համակցումը Հայաստան-Իրան բարձրավոլտ գծին հնարավորություն կտա Հայաստանը դարձնել էլեկտրաէներգիայի տարանցիկ երկիր Իրանի և Վրաստանի, ապա նաև Ռուսաստանի հետ։
Նախարարն անդրադարձել է նաև «Մեղրի» ՀԷԿ-ի կառուցման ծրագրին, որի կապակցությամբ արդեն կա Իրանի Էներգետիկայի նախարարության համաձայնությունը և փոխգործակցության համատեքստում այն կարելի է դիտարկել որպես էլեկտրաէներգիա գազի դիմաց ծրագրի բաղկացուցիչ մաս։ Այդ համատեքստում անդրադարձ է եղել նաև Երևան ՋԷԿ 2-րդ էներգաբլոկի կառուցմանը։
Խոսելով Հայաստանի Էներգետիկ անվտանգության ամրապնդման ծրագրերի մասին՝ նախարարն ընդգծել է Լոռու մարզում 76 ՄՎտ հզորությամբ «Շնող» ՀԷԿ-ի կարևորությունը, որը կառուցվում է «Հայաստանի ներդրողների ակումբ» հիմնադրամի ֆինանսավորմամբ: Ներկայացվել է նաև Մասրիկում կառուցվելիք 55 ՄՎտ հզորությամբ առաջին արևային կայանի կառուցման ծրագիրը:
Անդրադառնալով Մեղրիում ազատ տնտեսական գոտու ստեղծմանը՝ Աշոտ Մանուկյանն ընդծել է. «Ազատ տնտեսական գոտու ստեղծումը ևս մեր օրակարգային հարցերից է։ Վստահ եմ` այն կդառնա Հայաստանի համար պատուհան դեպի Իրան, իսկ իրանցի գործարարաների համար՝ դեպի Եվրասիական տնտեսական