24.11.2024
Սևանա լճում ռուս պայմանագրային զինծառայող է ջրահեղձ եղել
prev Նախորդ նորություն

ԱԳՆ խոսնակը՝ իսրայելական ընկերության կողմից հայկական դիրքերի վրա զենքի փորձարկման մասին

ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի խոսքով՝ Հայաստանն ունի իր հստակ դիրքորոշումը՝ որևէ երկրի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հետ կապված, և որևէ բան այստեղ չի փոխվել, քանի որ այդ զենքն օգտագործվում է ոչ միայն ռազմական թիրախներ խոցելու, այլ նաև խաղաղ բնակչության դեմ:


Այս մասին ԱԳՆ խոսնակը հայտնել է Tert.am-ի հարցմանն ի պատասխան՝ արդյոք հայկական կողմից սկսվե՞լ է դիվանագիտական որևէ գործընթաց իսրայելական մամուլում հայտնված տեղեկատվության վերաբերյալ՝ զենք վաճառող իսրայելական ընկերության աշխատակիցների կողմից իսրայելական անօդաչու սարքերի՝ հայկական դիրքերի վրա փորձարկման հետ կապված:


Դիտարկմանը, թե այստեղ խնդիրն այն է, որ իսրայելական ընկերության աշխատակիցների են ստիպել զենքը փորձարկել, Տիգրան Բալայանը պատասխանեց․ «Մենք խնդիրների մասին տեղյակ ենք, հետևում ենք դրանց: Ես որևէ հնարավորությունների մասին չեմ կարող խոսել: Գործընթացներ կան»:


ԱԳՆ մամուլի խոսնակն ուշադրություն է հրավիրել Հայաստանի և Հայաստանի գործընկերների հայտարարությունների վրա: «Եթե ուշադրություն դարձնենք մեր դիվանագիտական շփումների աշխարհագրությանը, ապա այնտեղ ինչ-որ դինամիկա կնկատենք»,- ասաց նա:


Հարցին՝ արդյոք հետևելո՞ւ են Իսրայելի պաշտպանության նախարարության հետաքննությանը՝ կապված վերոնշյալ միջադեպի հետ, Տիգրան Բալայանը պատասխանեց․ «Բոլոր գործընթացներին, որոնք կապ ունեն Արցախի անվտանգության հետ, հետևում ենք, և դրանք բոլորը մեր ուշադրության կենտրոնում են»:


Դիտարկմանը, թե կարծիք կա, որ Իսրայելի հետ մենք ոչ այդքան լավ դիվանագիտական հարաբերությունների մեջ ենք, նա պատասխանեց․«Խնդրում եմ, հետևեք մեր դիվանագիտական շփումների, փոխայցելությունների աշխարհագրությանը և դինամիկային: Կարծում եմ՝ բավականին պատասխաններ այնտեղ կգտնեք»:


Աղբյուրը հիշեցնում է, որ Իսրայելի պաշտպանության նախարարությունը հետաքննություն է սկսել մեղադրանքի առնչությամբ, համաձայն որի Ադրբեջանում իսրայելական Aeronautics Defense Systems ընկերությանը խնդրել են ցուցադրել պայթուցիկով զինված անօդաչու թռչող սարքի կիրառումը հայկական դիրքերի դեմ: Իսրայելական ընկերությունը հերքում է մեղադրանքը: Նշվում է, որ երբ անօդաչուն կառավարող մասնագետները հրաժարվել են դա անել, ընկերության ղեկավարներն են փորձել դա ինքնուրույն իրականացնել: