24.11.2024
Հրդեհը դեռ չի հաջողվում մարել. Վայոց ձորում այրվող տարածքը կազմում է մոտ 250 հա
prev Նախորդ նորություն

Ի՞նչ վիրավորումներ է ստացել հայ զբոսաշրջիկը Հուրգադայում

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ընդունել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի ընդհանուր և կրծքային վիրաբուժության կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Արտակ Հովհաննիսյանին, ով գործուղվել էր Կահիրե` հուլիսի 14-ին Հուրգադայում տեղի ունեցած դեպքի հետևանքով վիրավորում ստացած հայ զբոսաշրջիկի առողջական վիճակին տեղում ծանոթանալու և անհրաժեշտության դեպքում մասնագիտական աջակցություն ցուցաբերելու նպատակով։


Պրոֆեսորը նախարարին ներկայացրել է, որ իր այցի օրը` օգոստոսի 3-ին, 46-ամյա մեր հայրենակցի վիճակը գնահատվել է կայուն ծանր` համապատասխանող ստացած վիրավորումներին և տարած վիրաբուժական միջամտություններին (երեք անգամ իրականացվել է որովայնահատում)։ Կնոջ ստացած 18 վիրավորումից 3-ը եղել է թափանցող, ինչից վնասվել են լյարդը, ստոծանին, միջընդերքի անոթները, պլևրալ խոռոչներում առաջացել են արյան կուտակումներ։


Հայ վիրաբույժը եգիպտացի տարբեր մասնագետների հետ իրականացրել է երեք կոնսիլիում։ Քննարկելով տուժածի վիճակը` նշանակվել են լրացուցիչ հետազոտություններ, որոնց արդյունքներով կատարվել են կոնսերվատիվ բուժման լրացումներ։


Արտակ Հովհաննիսյանը նշել է, որ դրանց արդյունքում, հաջորդ օրվանից սկսած, հիվանդի մոտ նկատվել է վիճակի դրական դինամիկա։ Սկսել են գործել աղիները, ինտոկսիկացիոն երևույթները նկատելիորեն պակասել են։


«Հիվանդի մոտ առկա են շնչառական անբավարարության որոշակի խնդիրներ, քանի որ պլևրալ 2 խոռոչում կային հեղուկային կուտակումներ և վիրավորման հետևանքով կայացած արյունահոսության ֆոնի վրա որոշակի արյան մակարդուկներ ձախ պլևրալ խոռոչում։ Ենթալյարդային տեղակայմամբ դրենաժային խողովակից մեկ օրվա ընթացքում կուտակվել էր 450-500մլ լեղային արտադրություն»,-ներկայացրել է պրոֆեսորը` հավելելով, որ Եգիպտոսում ՀՀ դեսպանությունից ստացված տեղեկատվությամբ վիրավորումներ ստացած ՀՀ քաղաքացին օգոստոսի 9-ին վիճակի բարելավումով ինտենսիվ թերապիայի բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ։


Բժիշկն ընդգծել է, որ հիվանդը գտնվում է Եգիպտոսում ՀՀ դեսպանության և հատկապես հյուպատոս Ստեփան Գևորգյանի մշտական ուշադրության և հոգացության կենտրոնում։


Լևոն Ալթունյանը պրոֆեսոր Արտակ Հովհաննիսյանին շնորհակալություն է հայտնել քաղաքացիական և մասնագիտական անգնահատելի աջակցության համար։


«Առաջին ազդանշանը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից ստանալուն պես Ձեր օժանդակությամբ կարողացանք արագ և բարձրակարգ մասնագիտական օժանդակություն ցուցաբերել մեր հայրենակցի առողջական վիճակի բարելավման գործին։ Վստահ եմ, որ Ձեր մեկնումը Կահիրե նաև հոգեկան մեծ սատարում էր տուժած հայ կնոջը»,- ասել է նախարարը։


Նշենք, որ պրոֆեսոր Արտակ Հովհաննիսյանը մշտական կապի մեջ է հյուպատոս Ստեփան Գևորգյանի հետ։ Բժշկի խոսքով հիվանդի տեղափոխման հարցը կքննարկվի նրա վիճակի հետագա որոշակի բարելավումից հետո։


Հուլիսի 14-ին 28-ամյա Աբդել Ռահման Շաաբանը Հուրգադայի հյուրանոցներից մեկի ծովափին դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրա, որի հետեւանքով սպանվել են գերմանացի երկու զբոսաշրջիկներ, եւս չորսը՝ Հայաստանի, Չեխիայի եւ Ռուսաստանի քաղաքացիներ, վիրավորվել են։ Ավելի ուշ վիրավոր զբոսաշրջիկներից մեկը ևս մահացավ հիվանդանոցում: