Շինարարությունը եղել և մնում է մեր երկրի տնտեսության կարևոր և առանցքային բնագավառներից մեկը: Այս մասին Շինարարի օրվան նվիրված տոնական միջոցառմանը հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Հայտնի է՝ եթե երկրում ակտիվ շինարարություն է ընթանում, ակտիվանում են նաև մյուս ոլորտները: Ցանկացած երկրի տնտեսության համար շինարարությունը մուլտիպլիկատիվ էֆեկտ ունի՝ դրական ազդեցություն ունենալով այլ ուղղությունների զարգացման վրա: Պետությունը, որտեղ զարգանում է շինարարությունը, առաջընթաց է ապրում: Մեր նախնիները բացառիկ ժառանգություն են թողել մեզ, որով հպարտանում ենք՝ պահպանելով և ներկայացնելով այն աշխարհին ու սերունդներին: Շատ ողջունելի է, որ այսօր հայ շինարարները զարգացնում են անցյալի մեր մեծ վարպետների մասնագիտական փորձառությունը և ավանդույթները՝ կառուցելով ամուր և գեղեցիկ շենքեր՝ նորարարական, առաջադեմ, անվտանգ տեխնոլոգիաների կիրառմամբ», - ասել է Կարեն Կարապետյանը:
Վարչապետի խոսքով, որքան էլ վիճակագրական տվյալները հուշեն, թե շինարարության զարգացման առումով այժմ դժվարին փուլում ենք գտնվում, մեկ բան ակնհայտ է՝ հայ շինարարը միշտ կառուցել է և պիտի կառուցի. այդպես է եղել անգամ մեր երկրի համար չափազանց դժվարին ժամանակներում:
Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ կառավարությունն այսօր ջանքեր է գործադրում հանրապետությունում քաղաքաշինական-ներդրումային ծրագրերի իրականացման, շինարարության խթանման համար:
«Արդեն իսկ մեկնարկել են բազմաթիվ ծրագրեր մայրաքաղաքում ու մարզերում և, այդ առումով, վիճակագրությունը, որ այս պահին ունենք, բավականին հետաքրքիր է և հուսադրող: Մենք պատրաստ ենք լրացուցիչ նպաստավոր պայմաններ ստեղծել շինարարի համար և’ տնտեսության զարգացման, և’ ներդրումների ապահովման նպատակով: Ցանկանում եմ ֆիքսել, որ շինոլորտում ակտիվության հստակ միտումներ ունենք և համոզմունք ենք հայտնում, որ շինարարության տեմպերի աճի առումով ունենալու ենք առաջընթաց», - ընդգծել է Կարեն Կարապետյանը:
Վարչապետը նշել է, որ ընթացիկ տարվա առաջին վեց ամսվա ընթացքում, ըստ վիճակագրական տվյալների, ունենք հետ ընկնող երկու ոլորտ՝ շինարարությունն ու գյուղատնտեսությունը:
«Մեր կանխատեսումներով, վստահ ենք, որ շինարարության ոլորտում հոկտեմբերին մոտենալու ենք այն ցուցանիշին, որը լրացնելու է նախորդ տարվա տեմպերն ու տարվա կտրվածքով ունենալու ենք աճ», - նշել է կառավարության ղեկավարը:
Անդրադառնալով գյուղատնտեսության բնագավառին՝ Կարեն Կարապետյանն ասել է, որ արդեն նախորդ ամիս արձանագրվել են աճի միտումներ: «Բոլորս պետք է վստահ լինենք, որ կառավարությունն այսօր վիճակագրական ինդիկատորներին հստակ հետևում է: Համոզված ենք, որ մենք ճիշտ ուղու վրա ենք», - ասել է Կարեն Կարապետյանը: