Տավուշի մարզի հետ սահմանակից ադրբեջանական գյուղերի բնակչությունը շտապ լքել է իր տները
Voskanapat.info-ի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ Տավուշի մարզի հետ սահմանակից ադրբեջանական սահմանամերձ գյուղերի բնակչությունը շտապ լքել է իր տները: Պարզվել է, նրանց տների անմիջապես հարևանությամբ Ադրբեջանը տեղադրել է կրակակետեր, տեղակայել հրետանի՝ տարածաշրջանում հետագա լարվածության նպատակով:
Հայկական կողմից պատասխան կրակից խուսափելով, սահմանամերձ գյուղերի բնակչությունը Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողներին փորձել է համոզել դուրս բերել ռազմական տեխնիկան նշված տարածքից, սակայն զինվորականները հրաժարվել են, իսկ բնակչությունը ստիպված լքել է տները:
Նշենք, վերջին շրջանում Ադրբեջանը պարբերաբար գնդակոծում է Տավուշի սահմանամերձ շրջանները, անընդհատ կրակ բացում գյուղերի ու արտերի ուղղությամբ: Այս մասին հուլիսի վերջին ահազանգել էր նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Նա մտահոգություն էր հայտնել, որ Ադրբեջանը նպատակաուղղված թիրախավորում է խաղաղ բնակչությունը, բայց հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ միջազգային կազմակերպությունները չեն արձագանքում: Թաթոյանի խոսքով, դա չափազանց մտահոգիչ է, առավել ևս, որ ադրբեջանական կողմը զգալի միջոցներ է ներդնում լոբբիստական աշխատանքներ իրականացնելու համար՝ միջազգային հանրությանը փորձելով ցույց տալ, որ ատելությունը հայկական կողմից է:
«Հրապարակային գնահատականներում բացակայում են հստակ, հասցեական գնահատականները: Խոսքս վերաբերում է մարդու իրավունքների ոլորտի միջազգային կառույցներին՝ մարդու իրավունքների պաշտպանների աշխատանքը քաղաքականության հետ կապ չունի», - հայտարարել էր ՄԻՊ-ը: