27.11.2024
Իրանի և Թուրքիայի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 5,32 միլիարդ դոլար
prev Նախորդ նորություն

Վանում Վարագավանքի քարերը քանդում և օգտագործում են մզկիթի շինարարության համար

Այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Վանի նահանգում հայկական հայտնի Վարագավանք եկեղեցու քարերը քանդել և օգտագործել են մզկիթի շինարարության համար: Թուրքական yeniozgurpolitika.org կայքին հղումով գրում է tert.am-ը:


Վանում շրջակա միջավայրի և պատմական կառույցների պահպանության միության նախագահ Ալի Քալչըքը լրատվամիջոցների հետ զրույցում պատմել է, որ վանքը պարբերաբար վնասում, դրա քարերն օգտագործում են ոչ միայն մզկիթի, այլև գյուղի մի շարք տների ու այլ կառույցների շինարարության համար: Ակտիվիստն ահազանգում է, որ վանքը կանգնած է ոչնչացման եզրին:


Հայտնի է, որ ներկայում վանքի ներսում երեխաների համար անցկացվում են նաև Ղուրանի դասեր:


Աղբյուրը հիշեցնում է, որ Վարագավանքը կառուցվել է 7-8-րդ դարերում, գտնվում է Վարագա լեռան արևմտյան լանջին: Ժամանակին եղել է Վանի արքեպիսկոպոսի նստավայրը:


Լոզանի պայմանագրի 42-րդ հոդվածի 3-րդ մասով «Թուրքական կառավարությունը պարտավորվում է լիակատար պահպանության տակ առնել եկեղեցիները, սինագոգները, գերեզմաններն ու նշյալ փոքրամասնությունների այլ կրոնական հաստատությունները»: «Լիակատար պահպանությունը» ներառում է ոչ միայն եկեղեցիները չքանդելն ու չավերելը, այլև դրանց ամրացումն ու նորոգումը։