23.11.2024
Տավուշում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել
prev Նախորդ նորություն

Հայաստանն ամենակարճ և անվտանգ ցամաքային ճանապարհն է Իրանի հետ Եվրոպան կապելու համար

Հայաստանը և Իրանը ունեն մի կարևոր ընդհանրություն. միջազգային ասպարեզում մեր իրականացրած քաղաքականությունը հիմնված է արդարության հասնելու տեսլականի վրա, ինչը չափազանց կարևոր է առկա բազմաթիվ խնդիրների խաղաղ և հիմնավոր լուծման առումով: Այս մասին իրանական «Շարղ» օրաթերթին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:


«Հայաստանն ու Իրանը գտնվում են երկրագնդի առավել անկայուն և անհանգիստ տարածաշրջանների հարևանությամբ. որոշ երկրներում մոլեգնում են ահաբեկիչների վայրագությունները, այդ պետությունների ամբողջական հատվածներ գտնվում են այնպիսի ծայրահեղական կառույցների վերահսկողության տակ, ինչպիսին է տխրահռչակ «Իսլամական պետությունը»: Այս երկրներից ահաբեկչության շոշափուկները տարածվում են դեպի տարածաշրջանի այլ երկրներ, ինչի մի ցավալի օրինակին ականատես եղանք վերջերս, երբ վերոհիշյալ ահաբեկչական կառույցի գործողությունների թիրախ դարձավ մեր բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետությունը: Այս պայմաններում կարևոր է համատեղել միջազգային հանրության ջանքերը տարածաշրջանային անվտանգության և խաղաղության ամրապնդման գործում՝ կարևորագույն դերակատարություն ստանձնելով ծայրահեղականության դեմ մղվող պայքարում»,- ասել է նա:


Ըստ էության, շարունակել է Հայաստանի ղեկավարը, մեր երկու երկրները ոչ թե միջազգային անվտանգության սպառողներ են, այլ այդ անվտանգության կերտողներ, որոնց գործակցությունը միտված է միմիայն կայուն և խաղաղ տարածաշրջանային համակեցության ապահովմանը:.


«Հայաստանը և Իրանը, ըստ իս, ունեն մի կարևոր ընդհանրություն. միջազգային ասպարեզում մեր իրականացրած քաղաքականությունը հիմնված է արդարության հասնելու տեսլականի վրա, ինչը չափազանց կարևոր է առկա բազմաթիվ խնդիրների խաղաղ և հիմնավոր լուծման առումով»,-ընդգծել է նա:


Սերժ Սարգսյանի խոսքով,Հայաստանի և Իրանի ժողովուրդների և երկրների միջև առանձնահատուկ հարաբերությունների առավել զարգացման համար գոյություն ունեն բազմաթիվ նախադրյալներ, որոնց արմատները գնում են հազարամյակների խորքերը: Երկու հարևան ժողովուրդների միջև բարեկամությունն այնքան ամուր է, որ մնում է միայն, պահպանելով մեզ միավորող դարերի խորքից ավանդված ընդհանրությունները, հոգ տանել դրանց հետագա զարգացման ու խորացման մասին, ինչը և մեր հարաբերությունների հուսալի հիմքն ու պատվարն է.


«Մեր երկրները տարածաշրջանի հնամենի և հարուստ քաղաքակրթությունների ժառանգներն են, որոնց հազարամյակների հարևանությունը կապել է բազմաթիվ ամուր թելերով: 2017 թվականին լրանում է մեր նորօրյա հարաբերությունների քսանհինգերորդ տարին: Անցած քառորդ դարի ընթացքում՝ Հայաստանի անկախությունից ի վեր, հայ-իրանական հարաբերությունները շարունակ վերընթաց զարգացում են ապրել` ընդգրկելով ամենատարբեր ոլորտների լայն ներկապնակ` բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունից մինչև առևտրատնտեսական սերտ համագործակցություն, մարդկանց միջև կապերից մինչև գիտակրթական ու մշակութային փոխգործակցություն»,- նշել է ՀՀ նախագահը:


Սերժ Սարգսյանը նաև հիշեցրել է, որ հայկական կողմը բազմիցս է իր պատրաստակամությունը հայտնել ամեն կերպ նպաստելու Իրան-ԵԱՏՄ համագործակցության զարգացմանը:Հայաստանի Հանրապետությունը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նախաձեռնել է Իրանի Իսլամական Հանրապետության հետ արտոնյալ առևտրային ռեժիմի շուրջ քննարկումներ, ինչի արդյունքում, թվարկել է նախագահը, արդեն ընթանում են բանակցություններ: Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ այս համագործակցությունը կարող է բոլոր կողմերի համար շահավետ լինել՝ իրանական ապրանքների համար բացելով 180 միլիոն բնակչություն ունեցող շուկա: ԵԱՏՄ անդամ երկրներն էլ, իրենց հերթին, հնարավորություն կստանան իրենց արտադրանքն արտոնյալ պայմաններով ներկայացնելու իրանական շուկայում:


«Ինչ վերաբերում է ՀՀ-ԵՄ հարաբերություններին, ապա կարևոր է նշել, որ մենք դրանք չենք դիտարկում ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների հակադրության մեջ: Հայաստանն ամենակարճ և անվտանգ ցամաքային ճանապարհն է Իրանի հետ Եվրոպան կապելու համար։ Հայաստանն այսօր ունի սերտ գործընկերային հարաբերություններ ԵՄ-ի հետ, և պատրաստ ենք հարթակ տրամադրելու իրանցի և եվրոպացի գործարարներին՝ փոխշահավետ գործունեություն ծավալելու համար։ Մենք ԵՄ-ի հետ ունենք GSP+ արտոնյալ առևտրային ռեժիմ, որի շրջանակներում մի քանի հազար անուն հայկական ապրանքներ զրոյական մաքսատուրքով կարող են արտահանվել ԵՄ: Այդ հանգամանքը ևս կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ իրանական ներդրողների համար՝ ՀՀ-ում գործունեություն ծավալելու հարցում»,- հավելել է Սերժ Սարգսյանը: