Կարո Փայլանը Ցեղասպանության մասին բարձրաձայնողներին տուգանող օրենքի դեմ նստացույց է անում
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, Մեջլիսի (խորհրդարան) հայազգի պատգամավոր Կարո Փայլանն իր կուսակիցների հետ մասնակցում է օրերս Մեջլիսի ներքին կանոնակարգում փոփոխություններ նախատեսող օրենքների փաթեթի ընդունման դեմ Դիարբեքիրում անցկացվող նստացույցին, : Այս մասին տեղեկանում ենք թուրքական gazeteduvar.com.tr կայքից:
Փայլանը լրագրողներին ասել է, որ բացօթյա նստացույցին իրեն շատ ավելի լավ է զգում, քան Մեջլիսում: Նրա խոսքով՝ բաց երկնքի տակ քնելն անհավատալի հրաշք է:
Փայլանի խոսքով, ոստիկանները պարբերաբար խոչընդոտում են իրենց այցելել ցանկացող քաղաքացիների մուտքը նստացույցի համար հատկացված տարածք կամ ընկերների կողմից իրենց ծածկոցներն ու սնունդ փոխանցելու հարցում:
Ինչպես ավելի վաղ VERELQ-ը տեղեկացրել էր, հուլիսի 21-ին Թուրքիայի խորհրդարանն ընդունեց օրենք, որն արգելում է պատգամավորներին օգտագործել Հայոց ցեղասպանության կամ 1915 թվականի դեպքերի այլ, ոչ ընդունելի ձևակերպումներ: Փաստաթուղթը նաև արգելում է իրաքյան Քուրդիստան ձևակերպումը:
Համաձայն այդ օրենքի, 12.000 թուրքական լիրայի չափով տուգանք է նախատեսվում «Ցեղասպանություն», «Քուրդիստան» և «քրդական նահանգներ» ձևակերպումներն օգտագործելու համար։ Բացի այդ, 6.000 թուրքական լիրայի չափով տուգանք էլ նախատեսվում է խորհրդարանում ի նշան բողոքի պաստառներ ցուցադրելու կամ փակցնելու համար:
Կարո Փայլանը ավելի վաղ հայտարարել էր, որ Էրդողանի հիմնած «Արդարություն և զարգացում» կուսակցության իշխանության գալու տարիներին Թուրքիայի հասարակությունը կարևոր քայլեր կատարեց անցյալի սխալների, կատարված մեղքերի ու հանցանքների մասին խոսելու հարցում: Նման օրենք ընդունելը նշանակում է վերադառնալ հին ժամանակներ: