26.11.2024
Թուրքական բանտից փախած հայազգի գրողը քաղաքական ապաստան է ստացել Հունաստանում
prev Նախորդ նորություն

Նոր հարձակման դեպքում հայկական կողմը ջախջախիչ հարված է հասցնելու Ադրբեջանին. նախարար

«Մենք առաջնագծում չունենք գոնե մի հատված, որը դիտարկվում է հակառակորդի կողմից»,-այս մասին Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդման ժամանակ հայտարարեց Արցախի պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար Լեւոն Մնացականյանը՝ հավելելով, որ համակարգված աշխատանք են տանում և բարձրացրել են առաջնային գծում զինծառայողների մարտական հերթապահության կրման անվտանգությունը:


Միևնույն ժամանակ նա փաստեց, որ դիվերսիոն ներթափանցման փորձեր այլեւս չեն իրականացվում հակառակորդի կողմից։ «Այլեւս չկան ոչ թե նրա համար, որ չեն կարող, այլ չկան, որովհետեւ մենք թույլ չենք տալիս»,-հայտարարեց նախարարը։ Նա նաեւ վերահաստատել է այն հայտարարությունը, որ անկախ նրանից, թե որտեղ է տեղակայված հակառակորդի կրակակետը, եթե կրակ վարվի մեր առաջապահ ստորաբաժանումների վրա, միանշանակ՝ պատասխան լինելու է։


Պաշտպանության բանակի հրամանատարը նաեւ հայտարարել է, որ եթե նոր հարձակում լինի՝ հասցնելով ջախջախիչ հարված հակառակորդին, հայկական կողմն անցնելու է հակահարձակողական գործողությունների։


Նախարարի խոսքով, Արցախի պաշտպանության բանակը լուրջ քայլեր է ձեռնարկել կրակային միջոցների համակարգերի հնարավորությունները ընդլայնելու ուղղությամբ։ «Աշխատել ենք մեր հնարավորությունները ընդլայնել հատկապես տեսադիտարկման աշխատանքների ուղղությամբ, մեր կրակային խոցման միջոցների հնարավորություններն ենք ընդլայնել, ավելացրել ենք մեր ղեկավարման հնարավորությունները, ընդգրկվել է ընդհանուր համակարգի մեջ, ձեռք ենք բերել նոր միջոցներ, ինչպես հետախուզական, այնպես էլ կրակային: Իրականացվել են այդ բոլոր միջոցների փորձարկումներ, որոնց արդյունքները հուսադրող են, արդյունավետ են, այդ ուղղությամբ մենք քայլերն իրականացնում ենք ռազմաարդյունաբերական համալիրի հետ համատեղ։ Ունենք խոշոր տրամաչափի կրակային միջոցներ, որ նախկինում չենք ունեցել, ունենք ավելի հեռահար հակատանկային կրակային միջոցներ, որը նախկինում ունեցել ենք, բայց ոչ բավարար մակարդակով, ձեռք ենք բերել նաեւ արդի տեխնոլոգիաներ պարունակող կրակային միջոցներ»,- ասել է Մնացականյանը:


Արցախի պաշտպանության նախարարը նշել է, որ հակառակորդի կողմից ձեռնարկվող ցանկացած գործողության վաղ հայտնաբերման եւ կասեցման միջոցների ներդրման ուղղությամբ մեծածավալ աշխատանքներ են կատարվել: Նախարարը շեշտել է, որ վերջին շրջանում շփման գծի երկայնքով իրականացվել են հսկայական ինժեներական կահավորման աշխատանքներ եւ՛ առաջնագծում, եւ՛ կրակային դիրքերում եւ՛ կենտրոնացման շրջաններում՝ ամբողջ երկայնքով: Ուշադրության կենտրոնում եղել են առաջնային գիծն ու հենակետերը, որտեղ տեղադրվել են լրացուցիչ ծածկեր, բարելավվել են խրամուղիները, հաղորդակցման ուղիները:


«Հատկապես ուշադրություն ենք դարձրել վաղ հայտնաբերման միջոցների վրա, որը համարում ենք մեր առաջնային գծում զինծառայողների անվտանգության ապահովման հիմնական նախապայմաններից մեկը եւ հնարավորություն ունենք արդեն նախօրոք իմանալ հակառակորդի հավանական գործողությունների վերաբերյալ, կրակային դիրքերի տեղակայման վերաբերյալ: Այդ ուղղությամբ տարվող բոլոր աշխատանքները համակարգված առաջ են ընթանում։ Այսօր կարող ենք վստահաբար ասել, որ մենք առաջնային գծում չունենք գոնե մեկ հատված, որ դիտարկվում է հակառակորդի կողմից. այսինքն՝ համակարգված աշխատանք ենք ցուցաբերել եւ բարձրացրել ենք առաջնային գծում զինծառայողների մարտական հերթապահության կրման անվտանգությունը»,-ասել է նա։


Անդրադառնալով Ադրբեջանի կողմից նոր զինատեսակներ գնելուն, նա հայտարարել է, որ այդ հանգամանքը ուժերի հավասարակշռությունը երբեւէ չի խախտել ու չի խախտելու: «Բալանսը երբեւիցե չի խախտվել ու չի խախտվելու: Բալանսը խախտված է եղել 1992 թ․, ու այն ժամանակ իրենք ունեին բացարձակ առավելություն բոլոր զինատեսակներով: Եվ այդ պայմաններում իրենք չկարողացան կատարել իրենց առջեւ դրված խնդիրները: Ունեցանք այն, ինչ գրանցվեց 1994 թվականի մայիսին»,- նշել է նա:


Անդրադառնալով հարցին, թե խորքային հետախուզության տվյալներն ինչի մասին են վկայում՝ հակառակորդն ավելի շատ պաշտպանողական, թե՞ հարձակողական բնույթի գործողություններին է նախապատվությունը տալիս՝ նախարարը նշել է, որ ադրբեջանական կողմը հարձակողական մարտավարության մասին ավելի շատ հայտարարությունների մակարդակով է խոսում, իսկ իրականում պաշտպանական լուրջ աշխատանքներ են իրականացնում:


«Մենք մեր դիտարկման համակարգերով հնարավորություն ունենք դիտարկելու մինչեւ 10-15 կմ հեռավորությունների վրա եւ տեսնում ենք՝ ինչպիսի ահռելի աշխատանքներ են կատարում ինժեներական առումով՝ մինչեւ 7կմ, 10-15 կմ խորքում: Դա նշանակում է, որ ինչքան էլ իրենք հայտարարություններ անեն, միեւնույնն է գիտեն, որ գա ժամանակը իրենք պետք է նաեւ պաշտպանվեն»,- նշել է նախարարը: