Ռուսաստանն ԱՄՆ-ի ամենավտանգավոր հակառակորդն է. Պենտագոն
Ռուսաստանը ԱՄՆ-ի ամենավտանգավոր հակառակորդն է, բայց ոչ ամենաառաջնայինը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի շտաբի պետերի միացյալ կոմիտեի նախագահ Ջոզեֆ Դանֆորդը՝ Քոլորադո նահանգի Ասպեն քաղաքում անվտանգության հարցերով համաժողովի ժամանակ։
«Բայց ԱՄՆ-ը հիմա չի կարող իրեն թույլ տալ սպառնալիքները բաժանել առաջնայինի եւ երկրորդականի։ Ակնհայտ է, որ առաջնայնության տեսանկյունից գլխավոր խնդիրը մնում է Հյուսիսային Կորեան»,-ընդգծել է նա՝ հավելելով, որ սպառնալիք են նաեւ Իրանն ու Չինաստանը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը
«Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա պետք է ջանքեր գործադրել, որ բնը չհասնի միջուկային պատերազմի»,-նշել է Դանֆորդը։ Նա ընդգծել է պաշտպանական ծախսերը, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ում իրենց դաշնակիցների ու գործընկերների հետ հարաբերությունները պահպանելու անհրաժեշտությունը։
«Այդուհանդերձ, չի կարելի թուլացնել համագործակցությունը Ռուսաստանի հետ ոչ ռազմական հարցերում»,-ասել է Դանֆորդը, դրանց շարքում նշելով կիբերսպառնալիքները։
Նրա խոսքով, ինքը պատճառ չունի չվստահելու ԱՄՆ հետախուզական ծառայությունների եզրակացություններին, ըստ որոնց Ռուսաստանը միջամտել է ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների ընթացքին։