Քըրք Քրքորյանի ընկերությունը վաճառում է ակտիվներն ու լքում Լաս Վեգասը
Tracinda Corp ընկերությունը, որը հիմնել է հայազգի միլիարդատեր Քըրք Քրքորյանը, աստիճանաբար լքում է Լաս Վեգասը՝ նրա կտակի համաձայն։
Ընկերությունն արդեն վաճառել է իր մասնաբաժինը Քրքորյանի կողմից հիմնված MGM Resorts ընկերությունում։ Վերջերս Tracinda Corp-ը նաեւ վաճառել է իր փենթհաուզը շքեղ Mandarin Oriental համայնատիրությունում։ Համայնատիրությունը գնվել էր 2010-ին 3․6 մլն դոլարով, բայց վաճառվել է ընդամենը 2 միլիոնով, հայտնում է casino.org կայքը։
Tracinda Corp ընկերությունը այդպես է կոչվել միլիարդատիրոջ դստրերի՝ Թրեյսիի ու Լինդայի պատվին։ Tracinda ու MGM հոլդինգների լուծարման ու այլ ակտիվների վաճառքի մասին որոշումը բխում է Քրքորյանի կտակից՝ 4 մլրդ դոլարի հասնող իր ունեցվածքի մեծ մասը հատկացնել բարեգործական նպատակներով։
Հիշեցնենք, որ ամերիկահայ հանրահայտ ձեռներեց ու բարերար Քըրք Քրքորյանը մահացել է 2015 թ. հունիսի 15-ին՝ 98 տարեկանում։