24.11.2024
Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ և ՌԴ Միացյալ խմբավորման մասին hամաձայնագրին
prev Նախորդ նորություն

Հայաստանը մտադիր է անցնել միասնական տրանսպորտային համակարգի

Կառավարություն այսօրվա նիստում հավանություն է տվել Հայաստանում միասնական երթուղային ցանց ստեղծելու մասին տեխնիկական առաջադրանքներին: Ըստ հիմնավորման՝ նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի ամբողջ տարածքը տրանսպորտային սպասարկումով ապահովելով:


Նշվում է, որ ներկայումս հանրապետությունում տարբեր պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ են ձևավորում երթուղային ցանցեր, որոնք չեն ապահովում փոխադրումների արդյունավետությունը: Չվացուցակները կազմվում են այնպես, որ հնարավոր չի լինում ապահովել գյուղերից մինչև մարզկենտրոն կամ մարզի խոշոր քաղաք, այնուհետև դեպի Երևան կամ այլ մարզի խոշոր քաղաք ուղևորների արդյունավետ փոխադրումը: Որոշ երթուղիներ տնտեսապես հիմնավորված են, և դրանց համար բազմիցս հայտարարված մրցույթները չեն կայանում հայտերի բացակայության պատճառով:


Ցանցը հնարավորություն կտա հանրապետության բոլոր համայնքներն ապահովել տրանսպորտային սպասարկմամբ: ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի խոսքով՝ ցանցի ստեղծումը կնպաստի ուղեւորափոխադրումների արդյունավետության եւ ոլորտի վերահսկողության մակարդակի բարձրացմանը: Այդ նպատակով նախատեսվում է գնահատել համայնքների ուղեւորահոսքերի ծավալները, որոշել ժամային ծանրաբեռնվածությունը, կազմել համապատասխան չվացուցակներ եւ ընտրել տրանսպորտային միջոցները, ինչպես նաև նախատեսվում է կազմակերպել արդյունավետ ուղեւորափոխադրում գյուղերից դեպի մարզկենտրոն կամ մարզի խոշոր քաղաք, այնուհետեւ՝ դեպի Երեւան:


Նիստում Մարտիրոսյանը հայտարարել է, որ երթուղիները սպասարկելու նպատակով հայտարարվելիք մրցույթներին հնարավորություն կունենան մասնակցել նաեւ միջազգային օպերատորները: Գործող երթուղային ցանցում հնարավոր չէ ներդնել միասնական տոմսավորման համակարգ և շահագործվող տրանսպորտային միջոցների տեղորոշման համակարգ, ինչը թույլ չի տալիս ուղևորներին արդյունավետ կազմակերպելու ուղևորությունը: