«Թռչնակը թռավ». Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայազգի գրող Սևան Նիշանյանը, ով 17 տարվա ազատազրկման է դատապարտվել, Թուրքիայում փախել է բանտից, որտեղ գտնվում էր 2014 թվականից: Asbarez-ի հաղորդմամբ, Նիշանյանն ուրբաթ առավոտյան դուրս է եկել անվտանգության նվազագույն միջոցառումներ իրականացնող բանտից և չի վերադարձել:
Նշանյանի Twitter-ի էջում հայտնվել է հետևյալ գրառումը. «Թռչնակը թռավ. Նույնը մաղթում եմ մնացյալ 80 մլն-ին»:
Թուրք պատմաբան Թաներ Աքչամն արձագանքել է Նիշանյանի փախուստի մասին լուրին` գրելով.
«Թռչնակը թռավ` հուսալով ազատ աշխարհ տեսնել բոլոր թռչունների համար»:
Սևան Նիշանյանը աշխարհի ուշադրությունը գրավեց Թուրքիայում գտնվող հունական հին գյուղում՝ Շիրինջեում, բացառիկ կառույցներ հիմնելու միջոցով: 2008 թվականին փոքրիկ կառույցներից մեկում «կնիքը խախտելու» համար նա երկու տարի ազատազրկվեց, դրան հաջորդեցին մի քանի այլ տուգանքներ: Մի քանի տարի անց Նիշանյանին ձերբակալել և դատապարտել էին իր սեփական պարտեզում «անօրինական» շինարարություն իրականացնելու համար: Նույնիսկ թուրքական մամուլն էր նշում, որ նրա ձերբակալությունը երկրի իշխանությունների կողմից ձեռնարկված միջոց էր նրան լռեցնելու համար, քանի որ Նիշանյանը պարբերաբար քննադատում էր թուրքական ռեժիմին: