23.11.2024
Քննարկվել են Moody’s-ի Հայաստանի սուվերեն վարկանիշի բարելավման խնդիրները
prev Նախորդ նորություն

Ֆրանսիան հայ ժողովրդի համար հոգեհարազատ երկիր է, վստահելի ու լավ գործընկեր. Նախագահ

Ֆրանսիան հայ ժողովրդի համար հոգեհարազատ երկիր է, իսկ Հայաստանի համար վստահելի ու լավ գործընկեր: Այս մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն:


Նախագահ Սարգսյանը հավաստիացրել է, որ Հայաստանը շարունակելու է ջանքերը երկկողմ հարաբերություններն ու հայ և ֆրանսիացի ժողովուրդների բարեկամությունը շարունակաբար ամրապնդելու ուղղությամբ: Նախագահը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են հայ-ֆրանսիական բազմաբնույթ հարաբերությունները տարբեր բնագավառներում ընդլայնելու և խորացնելու հնարավորություններն ու երկուստեք կարևորել սերտ փոխգործակցությունը նաև Հայաստանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում:


Սերժ Սարգսյանը տոնի առթիվ նաև շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին:


«Հայաստանի և Ֆրանսիայի միջև դարերի խորքից եկող բարեկամությունը և այսօր մեր պետությունների միջև առկա առանձնաշնորհյալ հարաբերությունները, բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն ու փոխվստահությունը կայուն հիմք են հայ-ֆրանսիական փոխգործակցության հետագա համակողմանի զարգացման և խորացման համար:


Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կշարունակենք ամրապնդել Հայաստանը և Ֆրանսիան միավորող կապերն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով՝ ի շահ մեր ժողովուրդների։


Հայաստանը մեծապես կարևորում է Ֆրանսիայի՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ միասին գործադրվող ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի՝ ի նպաստ մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության:


Բարձր եմ գնահատում Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի՝ եվրոպական ընտանիքին մերձեցմանը, ինչպես նաև միջազգային ասպարեզում, այդ թվում՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում մեր երկրների միջև հաստատված սերտ համագործակցությունը:


Վերստին շնորհավորելով Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ հաջողություններ և ամենայն բարիք, իսկ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին` հետագա առաջընթաց և բարօրություն»,- ասված է Ֆրանսիայի նախագահին ուղղված շնորհավորական ուղերձում: