Հայաստանը չպետք է Աբխազիայով միջանցքի բացման հույս ունենա. Աբաշիձե
Մենք չենք դիտարկում տարանցիկ ճանապարհների բացման հնարավորությունը: Այսպես է արձագանքել Վրաստանի վարչապետի՝ ՌԴ հետ կապերի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանի այն հայտարարությանը, թե առաջիկայում Հայաստանը հույս ունի գործարկել Ռուսաստանի և Վրաստանի միջև առևտրային միջանցքն Աբխազիայով և Հարավային Օսիայով:
Գռուզիա-Online-ի հաղորդմամբ, Աբաշիձեն նշել է, որ ՌԴ և Վրաստանի միջև բանակցությունները տարվում են ապրանքաշրջանառության մոնիթորինգի 2011 թվականի համաձայնագրի կյանքի կոչման շուրջ և չկա որևէ խոսակցություն հավելյալ նախապայմանների մասին, որոնք թույլ կտային Հայաստանին հույս ունենալ բացել առևտրային միջանցք Աբխազիայով:
«Հիմա մենք խոսում ենք Ռուսաստանի հետ այն մասին, որպեսզի ուժի մեջ մտնի 2011 թվականի համաձայնագիրը: Դրա համար անհրաժեշտ է գործարք կնքել շվեյցարական (SGS) ընկերության հետ՝ ինչպես մենք, այնպես էլ ռուսական կողմը: Այս բանակցություններում ակտիվ ներգրավված են նաև մեր շվեյցարացի գործընկերները: Պետք է ավարտին հասցվի այդ գործարքների վրա աշխատանքը, կնքել դրանք, որից հետո կստեղծվի վրաց-ռուսական-շվեյցարական աշխատանքային խումբ, որն էլ մոնիթորինգ կիրականացնի համաձայնագրի կնքման մասով», - հայտարարել է Աբաշիձեն:
Հիշեցնենք, որ 2011 թվականի նոյեմբերի 9-ին, Ժնևում, առևտրի համաշխարհային կազմակերպությունում Ռուսաստանի անդամակցության վերաբերալ, Շվեյցարիայի միջնորդությամբ ընթացող բանակցությունների շրջանակներում Վրաստանի և Ռուսաստանի կառավարությունները փաստաթղթերի փաթեթ են ստորագրել, առաջինը՝ մաքսային վարչարարության և ապրանքաշրջանառության մոնիտորիգի վերաբերյալ, երկրորդը՝ փոխըմբռնման հուշագիր, երրորդը՝ երեք կողմերը՝ Ռուսաստանը, Վրաստանը և Շվեյցարիան փոխանակել են փաստաթղթերը միջազգայնորեն ճանաչված այն չեզոք կազմակերպության գործունեության վերաբերյալ, որը մոնիտորինգ իրականացնելու մանդատ է տվել Շվեյցարիայի կառավարությանը: