24.11.2024
ԼՂ հակամարտության կարգավորմանն անհրաժեշտ է նախագահների մակարդակով հանդիպում. դեսպան
prev Նախորդ նորություն

Արցախի Ազգային ժողովը պատրաստվում է երկրի նախագահ ընտրել. հայտնի է օրն ու ժամը

Արցախի Հանրապետության Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործող Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 50 եւ ոչ ուշ, քան 40 օր առաջ Ազգային ժողովը խմբակցությունների առաջարկությամբ ընտրում է Հանրապետության նախագահ, որը պաշտոնավարում է մինչեւ գործող Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտը:


Ինչպես հայտնում են Արցախի ԱԺ մամուլի ծառայությունից, «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ խմբակցությունները Հանրապետության նախագահի թեկնածուներ են առաջադրում գործող Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 64 եւ ոչ ուշ, քան 57 օր առաջ:


Սահմանված կարգով եւ ժամկետներում՝ սույն թվականի հուլիսի 5-12-ը ներառյալ, Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու համար առաջադրվել է երկու թեկնածու՝ Էդուարդ Արտավազդի Աղաբեկյանը («Շարժում -88» խմբակցության կողմից), Բակո Սահակի Սահակյանը («Հայրենիք», «Դաշնակցություն» եւ «Ժողովրդավարություն» խմբակցությունների կողմից):


Հաշվի առնելով Հանրապետության նախագահի ընտրության համար Սահմանադրությամբ նախատեսված ժամկետները եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի 149-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերի պահանջները՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահի ընտրությունը տեղի կունենա Ազգային ժողովի հատուկ նիստում, որն իրավունքի ուժով կգումարվի 2017 թվականի հուլիսի 19-ին՝ ժամը 11:00-ին: