Ադրբեջանը, թաքնվելով խաղաղ բնակչության թիկունքում, թիրախավորում է երեխաների. Հասրաթյան
Թշնամի երեխա չի լինում, առավել ևս երկու տարեկան, բայց լինում են դեպքեր, երբ վախկոտ անգլուխների մեղքով երեխա է զոհվում: Այս մասին Facebook-յան իր էջում գրառել է Արցախի ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը:
«Այդպես եղավ հուլիսի 4-ի երեկոյան, երբ խաղաղ բնակչության թիկունքում թաքնված ադրբեջանական «հզոր» բանակի ասկյարը հայկական ուժերի դեմ կիրառելով ռեակտիվ հրթռահրետանային կայանք, թիրախավորեց ոչ այլ ում, քան հենց երկու տարեկան աղջնակին... Ի տարբերություն նեոլիթյան մտածողությամբ մեր հարևանների, մենք ստիպված ենք ցավով արձանագրել այս փաստը և ափսոսանք հայտնել: Ընդունեք որպես անձնական կարծիք», - գրառել է Հասրաթյանը:
Ավելի վաղ հուլիսի 4-ի սրացմանը անդրադարձել է նաև Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը: Վերջինիս խոսքով՝ Ադրբեջանի պահելաձևում որևէ նոր բան չկա, նույն ահաբեկչական, անմարդկային գործողություններ են, որոնք առողջ տրամաբանության շրջանակներում գնահատելն անհնարինն է:
«Մենք երբևէ ագրեսորի դերում հանդես չենք գալու, բայց ցանկացած ագրեսիայի դրսևորում պատժվելու է»,- ասել էր նա:
Հիշեցնենք, հուլիսի 4-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
Ինչպես հայտնում է Արցախի ՊԲ մամուլի ծառայությունը, մասնավորապես, ժամը 11:30-11:35 սահմաններում արևելյան ուղղությամբ ադրբեջանական կողմը կիրառել է 82 միլիմետրանոց ականանետ (4 արկ), նույն հատվածում ժամը 12:45-12:55-ի սահմաններում՝ հաստոցավոր հակատանկային նռնականետ (3 արկ), հարավային ուղղությամբ՝ ժամը 13:35-ին 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ), 19:10-ին՝ 60 միլիմետրանոց ականանետ (2 արկ), իսկ 20:20-20:30-ի սահմաններում Ալխանլու գյուղում տեղակայված ռազմակայանից ադրբեջանական զինուժը ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներից (5 արկ) կրակ է բացել հարավային ուղղությամբ գործող զորամասերից մեկի հրամանատարական կետի ուղղությամբ՝ 20:48-ին կիրառելով նաև 82 միլիմետրանոց ականանետ (3 արկ):